Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության պակտ են կնքել՝ թուրքական ագրեսիայից համատեղ պաշտպանության համար: Այդ մասին տեղեկությունը, առայժմ անանուն աղբյուրին հղում անելով, տարածել է Հունաստանում հայտնի լրագրող և ռազմական փորձագետ Անդրեաս Մունցուրուլիասը:
Երբ և ինչպես կհաստատվի լուրը պաշտոնական մակարդակում՝ դեռ պարզ չէ, սակայն անկասկած է, որ այն մերձավորարևելյան ռեգիոնում տեղի ունեցող բավականին խորքային անվտանգային ռազմաքաղաքական տրանսֆորմացիաների դրսևորում է: Ընդ որում, անկասկած է, որ մերձավորարևելյան ռեգիոն ասվածը խոշոր հաշվով այլևս չունի այն դասական իմաստն ու բաժանումը, որ ընդունված էր: Այժմ մերձավորարևելյան ռեգիոնի, այսպես ասած, դասական տիրույթը ավելի լայն ու ընդգրկուն շրջանակի որոշակի մատրիցա է, որը ծածկում է հարակից մյուս ռեգիոնները՝ հյուսիսաֆրիկյան-միջերկրածովյանից մինչև կովկասյան: Ավելին, տեսանելի ապագայում, հաշվի առնելով Կովկասի գործընթացները, մեծ հավանականությամբ ընդգրկումը կտարածվի նաև Կասպիցի ավազան և կենտրոնասիական ռեգիոն:
Միաժամանակ, այդ զարգացումները իրենց հերթին հատկանշական են արաբ-իսրայելյան հաշտության գործընթացի ֆոնին, որը բավականին աշխույժ ընթացք ստացավ Թրամփի նախընտրական արշավի գագաթնակետին, սակայն ներկայում հարց է առաջացնում՝ արդյոք ԱՄՆ վարչակազմը, որ պատրաստվում է հեռանալ, նույն էնտուզիազմով կարո՞ղ է փորձել ավարտին հասցնել գործընթացը և ապահովել, օրինակ, Սաուդյան Արաբիա-Իսրայել հաշտություն: Ընդ որում, այս իմաստով եղան անանուն տեղեկություններ, որ Պոմպեոյի հովանու ներքո եղել են հանդիպումներ Իսրայելի վարչապետի և Սաուդյան Թագավորական տան միջև, իհարկե ոչ պաշտոնական:
Ինչ դեր ունի դրամատիկ իրավիճակում հայտնված Հայաստանը մերձավորարևելյան լայն ռեգիոնի, այսպես ասած, դասական «մատրիցայում»՝ հաշվի առնելով այն, որ Կովկասում Հայաստանի դերը ներկայումս գտնվում է ճակատագրական վերափոխումների փուլում, ընդ որում՝ բավականին անորոշություններով: Արմեն Սարգսյանի այցերի հիմքում դրվում է տնտեսական գործակցության և ներդրումների հեռանկարը, ինչի կարիքը հետպատերազմյան Հայաստանն ու Արցախն առավել ևս ունեն: Բայց նաև անկասկած է, որ ժամանակակից աշխարհում ներդրումներն ու քաղաքականությունը զգում են միմյանց անխուսափելի կարիք: