• Fri. Apr 23rd, 2021

ՀՀ նախագահին ընդունելուց առաջ Հորդանանը փորձել է ինչ որ բա՞ն պարզել Ռուսաստանից

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Նոյեմբերի 23-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի եւ Հորդանանի արտաքին գործերի նախարարները: Ռուսական կողմի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովը հորդանանցի պաշտոնակից Այման Սաֆադիի խնդրանքով ներկայացրել է Մոսկվայի ձեռնարկած միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու նպատակով։

Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կարճատեւ այց է կատարել Հորդանան, հանդիպել այդ երկրի թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ: Ի դեպ, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հորդանանի արտաքին գործերի նախարարը:

Լավրովի հետ նրա հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հայաստանի նախագահի եւ Հորդանանի թագավորի հանդիպումից առա՞ջ, թե հետո: Ըստ այդմ հետաքրքիր է՝ Հայաստանի նախագահին ընդունելուց առաջ Հորդանանը փորձել է ինչ որ բա՞ն պարզել Ռուսաստանից, թե՞ այդ փորձը եղել է Հայաստանի նախագահի հետ զրույցից հետո:

Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ համաձայնագրից հետո նախագահ Սարգսյանը, ով հայտարարեց, թե դրա մասին տեղեկացել է մամուլից, այց է կատարում արդեն արաբական երկրորդ պետություն: Նոյեմբերի 15-ին Արմեն Սարգսյանն այցելել էր Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի, որտեղ հանդիպել էր Աբու Դաբիի թագաժառանգի հետ:

Հորդանան այցի առիթով նախագահի նստավայրի հաղորդագրությունը հայտնում է, որ նախագահը շարունակում է «արաբական աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումները՝ վերահաստատելու այդ երկրների հետ մեր բարեկամությունն ու համագործակցության պատրաստակամությունը, ընդլայնելու և ամրապնդելու կապերը»: Աբու Դաբիթ այցից հետո Արմեն Սարգսյանը խոսել էր այն մասին, որ արաբական երկրները պատրաստ են քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հարցեր, կայուն հեռանկար նկատելու պարագայում:

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի «կայուն հեռանկար» հասկացությունը սակայն ստացել է առանձնահատուկ համատեքստ, այն առումով, որ Հայաստանի սուբյեկտությունը կապիտուլյացիոն ակտով գործնականում փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը: Այդ իմաստով է հատկանշական Հայաստանի նախագահի այցին Հորդանանի արտգործնախարարի զրույցը ՌԴ արտգործնախարարի հետ: Երեւում է՝ հետայսու Հայաստանի ղեկավարների պաշտոնական այցերն ուղեկցվելու են Ռուսաստան զանգերով: