• Fri. Apr 23rd, 2021

Միջազգային անդրադարձը՝ Ղարաբաղի ներկային

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազական կարգավորման ամենացավոտ փուլըտարածքների հանձնումը: Արցախի Հանրապետության ամբողջական շրջաններ փոխանցվում են Ադրբեջանի վերահսկողության տակ. այդ տարածքների հայ բնակիչները ստիպված են լինում լքել իրենց տներն ու հեռանալ մեծամասամբ անգամ չիմանալով  էլ, թե ուր:

Այս մասին  իր անդրադարձի սկզբում գրել է ռուսական «Коммерсантъ» պարբերականը՝ ներկայացնելով Ղարաբաղի համայնքներից մեկի՝ Ուխտասարի բնակիչների ցավն ու ներկան, որին ականատես է եղել նկարահանող խումբը:

Պարբերականը նշում է, որ հոդվածի հեղինակ  Ալեքսանդր Չերնիխը մեկ ամիս առաջ, մարտական գործողությունների ժամանակ եղել է Ուխտասար գյուղում, այս օրերին նա կրկին այնտեղ է մեկնել եւ տեղ հասել ուխտասարցիների տեղափոխման վերջին օրը: Հաջորդ օրն արդեն գյուղը հանձնվել է ադրբեջանցիներին: Բնակիչները մեծ դժվարությամբ են բաժանվել իրենց հողից, տներից ու այգիներից:  Դեռ պատերազմի ամենաթեժ օրերին, երբ լրագրողներն այցելել են այս գյուղ, այն գրեթե դատարակ է եղել, բնակիչներին տարհանել են, գյուղում մնալիս են եղել մի քանի տարեցներ, որոնք, համոզված լինելով մոտալուտ հաղթանակի մեջ, հրավիրել են լրագրողներին հաղթանակից հետո եւս գնալ գյուղ՝ իրենց այգիների բարիքներից ստացված գինին խմելու, նուռը համտեսելու: Այժմ, թողնում են տունն էլ, նռան այգիներն էլ, հարազատների գերեզմաններն էլ:

Հեղինակը նշում է, որ իրենց այցից մեկ օր անց՝ նոյեմբերի 22-ին Ուխտասարում բարձրացվել է արդեն ադրբեջանական դրոշը:

Հեղինակը եղել է նաեւ Ստեփանակերտում, նշում է, որ փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տարհանումից տուն են վերադառնում, ոմանք էլ ժամանել են Ստեփանակերտ, քանի որ իրենց տունը չկա այլեւս ու դեռ անորոշ է՝ որտեղ կապրեն:

Մառախուզի թանձր շերտի մեջ տասնյակ մարդիկ բեռնաթափում են պայուսակները, նորածինները ճչում են, մեծահասակներն էլ լաց լինում ՝ գրկելով իրենց հարազատներին: Ամենից շատ, ըստ հեղինակի, Ասկերանի շրջանից ժամանած մարդիկ են, նրանք առաջիններից են եղել, որ ստիպված են եղել լքել գյուղը: Հոդվածագիրը նշում է, որ բազմաթիվ են մարդիկ, որոնք տեղահանվում են արդեն երրորդ անգամ՝ Բաքվի ջարդերից հետո հաստատվել են Ղարաբաղի տարբեր հատվածներում, 92-ին ստիպված եղել տեղափոխվել բնակավայրից, այժմ էլ՝ կրկին տեղահանություն: Հիասթափության ալիքը, ըստ հոդվածի նկարագրության, չափազանց մեծ է, մարդիկ կան, որոնք ցանկանում են հաստատվել Հայաստանում, ոմանք էլ՝ առհասարակ ցանկանում են հեռանալ երկրից, մեկնել հարեւան Վրաստան կամ Ռուսաստանում ապրել:

Բնակչության տեղափոխման, շրջանների հանձնման ու ստեղծված դժվար իրավիճակի մասին անդրադարձ է հրապարակել Sky News-ը:

Հոդվածը սկսելով Քարվաճառի շրջանը ներկայացնելուց, հեղինակը գրում է, որ Քարվաճառի ամենահայտնի կետերից մեկում՝  հազարամյա Դադիվանքում լսվում է մելամաղձոտ շարականը, որը հատկապես տխուր է հնչում եկեղեցու բակում, ուր բոլոր մարդիկ շարականի հնչյունների տակ արտասվում են: «Հնարավոր է՝ արտասվող մարդիկ հարազատներ են կորցրել այս պատերազմում, հնարավոր է՝ սգում են իրենց ժողովրդի պարտության համար, հնարավոր է՝ չափազանց ցավում են, որ այս սրբավայրը մնալու է Ադրբեջանի տարածքում»,-նշում է հեղինակը:

Նա գրում է, որ եկեղեցու տարածքում վեր է բարձրանում ռուսական դրոշը, անմիջապես բակում կայանված է ռուսական տանկը, տարածքում ռուս խաղաղապահներն են, խոստացվել է հայերին թողնել՝ վանքը տեսնելու համար անցնել Քարվաճառի ճանապարհով, սակայն վանքին հրաժեշտ տալու համար այնտեղ Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած մարդիկ չեն ուզում հավատալ, որ միջնադարյան համալիրն այլեւս չեն տեսնի, նրանց մի մասը համոզված է՝ ամեն բան փոխվելու է:

«Երեւանից Դադիվանք հասած տեր Շմավոնը, որը եկել էր՝ արարողակարգերին օգնելու համար, նշում է, որ ադրբեջանցիները թուրքեր չեն, բայց թուրքերից ոչնչով չեն տարբերվում: Ալիեւների դինաստիան շատ խոստումներ էր տալիս՝ սկսած Հեյդարից մինչեւ Ալիեւ, սակայն իրենց խոսքը չպահեցին»,-փոխանցում է  Sky News-ը՝ հավելելով, որ տեր Շմավոնը կրկին տեսնում է մարդկային ու մշակութային ցեղասպանության վտանգը:

Պարբերականը, խոսելով Դադիվանքի մասին, համեմատական է տանում 20-րդ դարում իրականացված հայերի Ցեղասպանության հետ, երբ ոչնչացվել է նաեւ հայկական հսկայական մշակութային ժառանգություն: Նշվում է, որ նախքան հայկական կողմին վերադարձվելը, ադրբեջանցիները Դադիվանքում խոզեր ու ոչխարներ են պահել, հրդեհել տարածքն ու վանքը, որի՝ չափազանց ամուր պատերի մոխրակույտերի տակ են մնացել 12-րդ դարի քարե կոթողներ: Դրանք հայտնաբերվել են 1990-ականներին կատարված վերանորոգման աշխատանքների ժամանակ միայն:

Լրատվամիջոցի թիմն այցելել է նաեւ 4-րդ դարի վանական համալիր՝ Ամարաս: Այնտեղ հասնելու համար ստիպված են եղել անցնել պատի վրա փլուզված հատվածի փոքրիկ ճեղքով, քանի որ ճանապարհը հուսալի չէ: Ամարասի փոքրիկ սպիտակ վանքը թեպետ դեռեւս հայկական կողմում է, սակայն տարածքի զգալի մասն ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գրավված է, գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, նրանք վանքից ընդամենը 3 կմ հեռավորության վրա են տեղակայված, վանքի մոտ հայ զինծառայողներ են, այստեղ ամեն ինչ այնքան էլ հստակ չէ:

19-րդ դարում Ամարասի վանքը որպես սահմանային դիտակետ է ծառայել, այժմ կրկին ռազմական գոտու տարածք է համարվում:

Հեղինակը նշում է, որ զինծառայողները խոզ են մորթել, խոզի խորոված են պատրաստել ու հրավիրել են իրենց թիմին՝ հյուրասիրվելու: Էլեկտրականություն չկա, բոլորը նստած են մութ տարածքում ու ստիպված են սնվել ՝ իրենց հեռախոսների լույսի ներքո:

Հայ զիծառայողները նշում են, որ տարօրինակ է, երբ սեղանի մոտ հավաքված են, քանի որ հիմնականում խրամատներում են լինում, իրենց վստահված դիրքերի խրամատներում դեռ շատ զինվորներ կան, նշում են, որ եթե վանքի մոտ կանգնած նայեն աջ, ձախ ու հետ՝ պարզ կտեսնեն զինծառայողներով լի խրամատները: Ռուս խաղաղապահ զինծառայողները թեեւ տարածքը հսկելու 5 տարվա պայմանագիր ունեն, սակայն բոլորը համոզված են, այդ ժամկետը կերկարաձգվի: Իսկ մինչ այդ, երկու կողմերն էլ ստիպված են իրենց դիրքերը ամուր պահել, խրամատները՝ հսկել, քանի որ հակամարտությունը վերջնական ավարտված չէ: