Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար՝ հաշվի առնելով Երևանի ու Բաքվի շահերը։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինի խոսքով նախադրյալներ են ստեղծվում ղարաբաղյան հակամարտությունն արդար հիմքի վրա երկարաժամկետ կարգավորելու համար՝ հաշվի առնելով ադրեբջանցի ու հայ ժողովուրդների շահերը։
Բաքվում ընդունելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևը, խոսելով նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին, նշել է, թե որոշները դժգոհ են դրանից: Ովքե՞ր են որոշները՝ Ալիևը չի մանրամասնել: Գործնականում, Ռուսաստանից և Ալիևից բացի, համաձայնագրից կարող են դժոհ լինել բոլորը, այդ թվում՝ անգամ Թուրքիան:
Մյուս կողմից՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ առանցքային մի բան: Երեկոյան Նախիջևանում ադրբեջանցիները խոցեցին Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի շարասյունն ուղեկցող ռուսական ուղղաթիռ: Փաստորեն, դա տեղի է ունեցել եռակողմ համաձայնագրի շուրջ քննարկումներին զուգահեռ: Ռուսական ուղղաթիռի խոցումը Մոսկվային փաստացի տալիս էր ռազմական պատասխան հարվածի լեգիտիմ իրավունք: Չի բացառվում, որ Ալիևի առաջ դրվել է պարզ ընտրություն՝ կա՛մ նա արագ ստորագրում է՝ առանց Էրդողանի հետ քննարկումների, կա՛մ Ռուսաստանն արագ հասցնում է պատասխան հարվածը:
Չի բացառվում, որ Էրդողանի այդ որոշումը Ալիևի ստորագրությունից դժգոհության դրսևորում էր:
Միջազգային մամուլում հայտնվել է տեղեկություն, որ Անկարան մտադիր է Սիրիայից և մերձավորարևելյան այլ գոտիներից Ադրբեջան տեղափոխել վարձկանների ընտանիքներին՝ այնտեղ բնակեցնելու համար: Ինչպե՞ս է ընդունում այդ իրողությունն Ալիևն իր ընտանիքով: Բաքվի ղեկավարը տիկնոջ հետ այցելել էր Արցախի հարավից գրաված տարածքներ՝ տողատակում թերևս ցույց տալու համար դրանց հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ առաջին հերթին Իրանին, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրից թերևս խոշոր դժգոհներից մեկն է: Բայց ունի՞ Ալիևն այդ տարածքների հանդեպ ազդեցություն, թե՞ Թուրքիան դրանք դե ֆակտո կանջատի Բաքվից:
Համաձայնագրից դժգոհ են նաև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ Մինսկի խմբի մյուս համանախագահները, որոնք չեն թաքցնում այդ դժգոհությունը: Ընդ որում, նրանց դժգոհությունը Ադրբեջանի դեմ կարող է օգտագործել Ռուսաստանը՝ իր ռազմավարական հաջողության շրջանակում: Հնարավոր է, որ Ալիևն իր հերթին փորձում է ակնարկել, որ ինքն էլ կարող է օգտագործել Թուրքիայի և մասնակիորեն նաև Իրանի դժգոհությունը: Ի դեպ, հատկանշական է, որ Իրանը չեղարկեց արտգործնախարարի նոյեմբերի 23-ի այցը Մոսկվա: Պատճառաբանությունը բյուջետային քննարկումներն են, թեև հարց է առաջանում՝ մի՞թե դրանց մասին հայտնի չէր, երբ հայտարարվում էր նոյեմբերի 23-ի այցի մասին: Զարիֆը պետք է այցելեր նաև Բաքու, բայց Մոսկվա այցը չեղարկել, իսկ Բաքու՝ պահպանել, իհարկե չէր լինի: Ով ում հանդեպ ավելի կկապիտալիզացնի նոյեմբերի 9-ից դժգոհությունը՝ Մոսկվա՞ն Ալիևի վրա, թե՞ հակառակը:
Ի դեպ, այդ ֆոնին հատկանշական է Երևան և Բաքու ՌԴ պատվիրակության այցի մի դրվագ, երբ Երևանում քաղաքացիական հագուստով հանդիպումներ անցկացրած ՌԴ պաշտպանության նախարարը մի քանի ժամ անց Բաքվում Ալիևի հետ հանդիպումից առաջ զգեստափոխվել էր և հագել ռազմական հանդերձանք: Ինչ ակնարկ էր պարունակում այդ հանդերձանքը: Արդյոք այն արտացոլում էր, որ նոյեմբերի 9-ի քաղաքական տրամաբանությունից դժգոհ կողմ է նաև Շոյգուն կամ ՌԴ զինվորականությո՞ւնը: Լավրովի հետ Ալիևը հանդիպել էր Շոյգուից հետո:
Ռուսական փորձագիտական շրջանակներում Լավրովի և Շոյգուի մոտեցումների տարբերության և Կրեմլի քաղաքականության հարցում, այսպես ասած, մրցակցության մասին խոսվում է շատ վաղուց: