• Fri. Apr 23rd, 2021

Ներքին բարոյակա՞ն, թե՝ քաղաքական գործընթաց

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Հայաստանում վարչապետի հրաժարականի պահանջով հասարակական ակցիաները բազմամարդ չեն, համենայնդեպս, այսպես ասած, կրիտիկական աստիճանին մոտ, որը թույլ կտար խոսել այդ պահանջների քաղաքական մեծ ազդեցության մասին: Սա էլ իր հերթին խոսում է Հայաստանում քաղաքական մի շարք իրողությունների մասին, որոնք ունեն շատ խոր արմատներ՝ առնվազն երկու տասնամյակի:

Այդ խնդիրները թե՛ իշխանության, թե՛ ընդդիմություն դիրքավորվող ուժերի «ջանքով» մնացին և շարունակեցին խորանալ նաև թավշյա հեղափոխությունից հետո: Դրանց առկայության պայմաններում հնչում են հարցադրումներ, թե ինչու ծանր պարտություն կրած հանրությունը, թեկուզ կամ գոնե անգամ արժանապատվությունից դրդված, չի լցնում հրապարակները հրաժարականի կոչերով: Առերևույթ՝ հարցադրումը միանգամայն տեղին է, սակայն մյուս կողմից առկա է հարց. ներկայումս երկրում ծավալվում է կամ ծանր ռազմա-քաղաքական պարտությունից հետո, երկրի սուբյեկտության, ինքնիշխանության, տարածքային ամբողջության վերականգնման թե՛ ընթացիկ, հրատապ, թե՛ ռազմավարական խնդիրների առկայության պայմաններում պետք է ծավալվի ներքին բարոյակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց:

Եթե ներքաղաքական կյանքի մասնակիցները նախաձեռնում են որևէ գործընթաց, ապա հասկանալի լինելու համար այն պետք է լինի հստակ քաղաքական: Որովհետև հանրության բարոյական ամոքումը պետք է ապահովեն բոլորովին այլ ինստիտուտներ, օրինակ, դրանցից թերևս ամենահաստատունն ու հինը՝ Հայ Առաքելական եկեղեցին: Իսկ քաղաքական խնդիրները ենթադրում են այլ ինստիտուցիոնալ տիրույթ և այլ բովանդակություն՝ քաղաքական բովանդակության հստակեցում և դրա շրջանակում հանրության հետ երկխոսության կառուցում: Հանրությունը կողմնորոշվում է մատուցվելիք բովանդակությամբ:

Այսինքն՝ պետք է ի ցույց դրվի մոտ և հեռու ապագան, հասկանալի է՝ ոչ թե մակետով, այլ բովանդակային խոսակցությամբ, խնդիրների ձևակերպումով, հստակ նպատակային շարադրումով: Այդ դեպքում լուծումները հանրության համար կդառնան հասկանալի, որից հետո կառաջանա արդեն դրանց շուրջ քննարկումների, տրամադրությունների ձևավորման գործընթացը: Վարչապետի հրաժարականի պահանջը հասկանալի է, տրամաբանական, օրինաչափ, սակայն Հայաստանի հանրությունն այս տարիներին շատ բան է տեսել, ու թեև այդ ամենը բոլորովին համեմատելի չէ ծանրագույն պարտության ու Արցախի զգալի մասի կորստի հետ, այդուհանդերձ, մարդիկ նաև սթափ ու սառն են գնահատում իրավիճակը: Նրանք չեն տեսնում, որ հնարավոր է տեսանելի ապագայում որևէ բան շրջել կամ բերել հետ: Ըստ այդմ, վարչապետի հրաժարականի պահանջը նրանց չի ասում ոչինչ, նրանք դա այլևս չեն համարում կարևոր, ու չեն էլ կարծում, թե դա կբարձրացնի խոցված արժանապատվությունը: Առավել ևս քաղաքական ուժերը, որոնք հավակնում են հանրությունից ստանալ որևէ աստիճանի կամ մասշտաբի մանդատ, պետք է իրավիճակը գնահատեն նույն այդ հանրությունից ավելի սառն ու պրագմատիկ:

Ըստ այդմ, եթե անգամ դրվում է արժանապատվության վերականգնման խնդիր, ապա պետք է ներկայացվի դրա լուծման թեկուզ ընդհանուր, ուրվագծային բովանդակությունը՝ արժեհամակարգային, գաղափարական հենքից մինչև առարկայական անելիքներ: Դրանով պետք է կատարվի աստիճանական անցում արդեն կոնկրետ հեռանկարների շուրջ երկխոսության, երբ ապագայի մասին կհնչի ոչ թե հավաստիացում, այլ կծավալվի խոսակցություն: Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ոչ թե ինչ-որ բանի վերջն է, այլ ռեգիոնալ նոր զարգացումների սկիզբ, որտեղ Հայաստանը, անգամ չնայած ծանր պարտությանը՝ այդուհանդերձ ունի նոր հնարավորություններ, բայց, իհարկե, նաև նոր մարտահրավերներ: Ապագան այն ուժինը կամ ուժերինն է, որոնք կսկսեն հանրության հետ այդ նոր հնարավորությունների օգտագործման և մարտահրավերների չեզոքացման բովանդակային խոսակցություն՝ տարածված կարծրատիպերից, միֆոլոգիաներից, կաղապարներից դուրս: