• Mon. Mar 8th, 2021

ԱԺ երեք պատգամավոր գործուղվել է Մոսկվա, իսկ փակ նիստում հանդիպել Ա. Հարությունյանի հետ

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Լենա Նազարյանի կարգադրությամբ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավոր 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը գործուղվել է Մոսկվա։

Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Արման Բոշյանին և Ալեքսեյ Սանդիկովին»,- նշված է կարգադրության մեջ:

«Իմ քայլը» խմբակցությունը այսօր փակ նիստ էր հրավիրել, որին շատ կարճ ժամանակով մասնակցել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

Հանդիպումից հետո խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը լրագրողներին հայտնեց, որ քննարկվել են պատերազմից հետո Արցախում ստեղծված խնդիրները: «Լեռնային Ղարաբաղում շատ խնդիրներ կան: Լեռնային Ղարաբաղն այսօր շատ խնդիրներ ունի՝ թե՛ փախստականների, թե՛ գյուղերի, թե՛ ռազմական, թե՛ խաղաղարար ուժերի հետ կապված: Այդ հարցերն էինք քննարկում Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ միասին»,- ասաց Իգիթյանը:

Հարցին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարց քննարկվե՞լ է՝ Իգիթյանը պատասխանեց. «Անհեթեթ է հարցը»: Նշենք, որ մամուլի միջոցով այսօր որոշ շրջանակներ լուրեր էին տարածել, թե Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա՝ իր հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու համար: