ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն Առավոտին տված հարցազրույցում նշում է, թե հեղափոխությունից հետո իրենց «հող հանձնելու» համար մեղադրող «նախկինները» ուրեմն գիտեին, որ այդ ամենը կոտրվելու էր իրենց (հետհեղափոխական իշխանության) գլխին: Ըստ նրա, նախկինները ձգել են հարցը, հետաձգել պատերազմը:
Հարց է առաջանում, իսկ հետհեղափոխական իշխանությունը չգիտե՞ր, կամ չէ՞ր պատկերացնում այդ վտանգը: Լենա Նազարյանն այդ առնչությամբ ասում է. «Նիկոլ Փաշինյանը պատկերացնում էր: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին այցը Ստեփանակերտ էր: Ստեփանակերտի ասուլիսը նորից նայեք, խնդրում եմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնտեղ ասում է, որ մենք պետք է ավելացնենք Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Այսինքն, իր համար պարզ էր, որ կա՛մ մենք հանձնում ենք այդ 7 շրջանները, կա՛մ պատրաստվում ենք պատերազմի: Եվ վարչապետն անկեղծորեն ինքը չի հավատացել, որ 7 շրջանների հանձնումը առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արդար ու շահեկան է մեզ համար»:
Ստացվում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լավ հասկանալով, որ հայ ժողովուրդը դեմ է իրեն՝ հրահրել է հեղափոխություն, որպեսզի իշխանությունը փոխանցի ղարաբաղյան կլանից դուրս որևէ մեկին, ով էլ կբախվի և բախվեց այսօրվա իրավիճակին:
Բանն այն է, որ այս պատերազմը կամ առանց պատերազմի Արցախի 7 շրջանների հանձնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում նախապատրաստվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգյանի կողմից՝ հասկանալով, որ իրենք չեն կարող գնալ այդպիսի քայլի, իսկ իրենց վարկանիշն այնպիսին է, որ մարտնչելով էլ խնդրին չկա լուծում, շախմատա-քաղաքական հերթական պարտյայում զինվորով թագուհի են դուրս եկել՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու, գուցե Ալիևի հետ պայմանավորվածությամբ, ու ոչ միայն նրա, այլև Պուտինի ու Էրդողանի, վերջնականապես լուծել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
Ահա, թե ինչու էին անընդմեջ շրջանառության մեջ դրել, թե Նիկոլ Փաշինյանը կծախի Արցախը, որովհեև գիտեին, որ հասունացրել են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը: Թերևս այն գրվել է դեռևս 2018-ի հեղափոխությունից առաջ էլ …
Հիմա էլ այդ ուժերը 16 կուսակցություններին հրապարակ նետելով փորձում են վերադառնալ ու իրենց ավերակածը թագավորե՞լ: Ով ով, բայց հայ ժողովուրդը մանկուրտ չէ և՝ գիտակցում է, որ ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ սկզբում Ռոբերտ Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի քաղաքական կարուսելի գործակցությանը: