• Mon. Mar 8th, 2021

Ֆրանսիայի սենատը երբ վաղը ճանաչի Արցախը, ի՞նչ է լինելու հետո

Byhttp://Mitk.am

Nov 24, 2020

Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քվեարկելու է Արցախի ճանաչման բանաձեւը, որն անշուշտ կունենա քաղաքական ելակետային նշանակություն:

Այլ հարց է, թե ինչ կկառուցվի դրա վրա՝ արցախյան հարցում հետագա տրանսֆորմացիայի եւ հայկական իրավունքների տեսանկյունից: Որովհետեւ առայժմ տեղի է ունենում հայկական իրավունքների օտարում, տարբեր դրսեւորումներով: Խոշոր հաշվով, դրա քաղաքական գործընթացը հայկական ղեկավարությունը սկսել էր դեռեւս առաջին պատերազմի հաղթանակից հետո, դրան հաջորդած բանակցային գործընթացում քննարկման առարկա դարձնելով այդ հաղթանակի արդյունքը եւ ճանաչելով դրա նկատմամբ Ադրբեջանի իրավունքը: Ադրբեջանը, լինելով պարտված կողմ, փաստացի չի ճանաչել որեւէ հիմնարար հայկական իրավունք:

Հայաստանում այդ թեմայով երեք տասնամյակ ներքաղաքական մրցակցություն է իշխանության ղեկը ստանձնած ուժերի միջեւ, որոնք միմյանց փորձում են ապացուցել ինչ որ բաներ առ այսօր:

Մինչդեռ, ինչ որ բան ապացուցել էր պետք միջազգային դերակատարներին, անցնող ավելի քան քառորդ դարի ընթացքում: Այդ ինչ որ բանը պետք է լիներ հայկական իրավունքն ու դա պաշպանելու հաստատակամությունը, այդ իրավունքի առնվազն որեւէ աստիճանի ճանաչումն Ադրբեջանում:

Այդ մասին խոսեց անգամ ՌԴ նախագահ Պուտինը, մատնացույց անելով, թե նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախն ու գործնականում բոլոր իրավունքները թողել է Ադրբեջանին: Դա էլ դարձավ «պատերազմի իրավունքի» կառուցման հիմք Բաքվի համար:

Հետաքրքիր է, արդյոք հայկական իշխող վերնախավերը օրինակ Մինսկի խմբի որեւէ համանախագահ երկրի հետ այդ թեմայով քննարկում կամ քննարկման փորձ են արել, հասկանալու համար, թե ինչ արձագանք կտան նրանք, եթե ճանաչվեր Արցախը: Թե համարել են, որ եթե նրանց պետք լինի, իրենք կասեն կամ կհուշեն, ինչու մտնել ավելորդ գլխացավի տակ:

Մյուս կողմից, հայկական վերնախավերի քաղաքական եւ արժանապատվային թշվառության վկայություն էր 2016-ի ապրիլը, երբ քառօրյայից հետո ԵՏՄ երկրները որոշեցին Երեւանում նախատեսված վարչապետների հավաքը չեղարկել, որպեսզի Ադրբեջանը սխալ չհասկանա: Ու Երեւանը «ճիշտ հասկացավ», լռեց, իսկ մեկ ամիս անց էլ Հայաստանի վարչապետը անգամ գնաց եւ մասնակցեց Մոսկվա տեղափոխված հավաքին:

Դա եղել է բոլորի համար մի տեսանելի դրվագ, որն իրականում սակայն պատկերել է քաղաքական մի ամբողջ փուլ եւ տրամաբանություն, որի հետեւանքը եղել է այն, որ պարտված Ադրբեջանի հանդեպ ամրագրված իրավունքի կողքին չի եղել հաղթող Հայաստանի հանդեպ ամրագրված որեւէ իրավունք:

Այժմ հայերը սպասում են, որ Ֆրանսիայի Սենատն օրինակ կարող է վերադարձնել այդ իրավունքը: Անկասկած, հայությունը երախտագետ կլինի: Հայությունը գիտե լինել երախտագետ: Ամբողջ հարցն այն է, թե գիտե՞ արդյոք հայությունն ինչ անել Ֆրանսիայի վերադարձնելիք հայկական իրավունքի հետ, եթե իհարկե Փարիզը վերադարձնի այն: Ի դեպ, այդ որոշման հարցում ամենից էականը լինելու է հենց դա՝ հայերը գիտե՞ն ինչ անել այդ իրավունքի հետ: