• Fri. Apr 23rd, 2021

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցներից 1 միլիոն դոլար է փոխանցվել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Byhttp://Mitk.am

Nov 25, 2020

Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի առկա միջոցներից 512 մլն 310 հզր ՀՀ դրամ (1 միլիոն ԱՄՆ դոլար) որպես նվիրատվություն փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ համաձայն ս.թ. նոյեմբերի 20-ի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշման:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ տիկին Աննա Հակոբյանը՝ տեղադրելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հաղորդագրությունը, որում ասվում է.

«Ինչպես հայտնի է, Հիմնադրամը հետևողականորեն աջակցում է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ ընդարձակելու ու բարեկարգելու տարածքը, որ հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանան 21-րդ դարին համահունչ բուժօգնություն, վերականգնվեն և վերաինտեգրվեն հասարակություն:

Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործի 60 նոր հիվանդասենյակ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի՝ այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի: Այս նպատակի համար կնքվել է 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆդոլար) նվիրաբերության պայմանագիր։ Գումարները կփոխանցվեն ըստ կատարված աշխատանքների ծավալի ու ժամկետների:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալներով ՀՀ-ում գտնվող 2000 արցախցի դպրոցականների հեռավար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ են պլանշետներ: Հայտնում ենք նաև, որ Հիմնադրամը ձեռք կբերի անհրաժեշտ 2000 պլանշետներից 1000-ը, իսկ մյուս մասի կարիքը կհոգա պետությունը:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նույն նիստի որոշմամբ էլ Հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, կանցնի ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու ու մեղմելու հրամայականը»: