• Fri. Apr 23rd, 2021

Մենք բոլորս միասին պիտի որոշենք՝ դեպի անցյա՞լ ենք շարժվում, թե՞ դեպի ապագա

Հայաստանն այսօր լրջագույն ճամփաբաժանի առջեւ է կանգնած, ու մենք բոլորս միասին պիտի որոշենք՝ դեպի անցյա՞լ ենք շարժվում, թե՞ դեպի ապագա։ Ընդ որում՝ անցյալին վերադառնալու մասին խոսելիս ամենեւին էլ նկատի չունենք անցյալի քաղաքական ուժերը, նախկին իշխանություններին եւ այլն։

Այդ իմաստով այսօրվա իշխանություններն էլ կարող են դառնալ անցյալ, որովհետեւ ոչ ընդամենը մի քանի ամիս առաջվա վստահության պաշարն ունեն, ոչ հեղափոխության հռչակած բարեփոխումները շարունակելու ռեսուրսն ու կարողությունը, ոչ էլ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում իշխանությունն ամրապնդելու շանս։ Խոսքն անցյալին վերադառնալու ավելի լուրջ ու խորքային հավանականության մասին է, որովհետեւ նահանջն ամենուրեք է։

Արցախում վիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին 1988-91-ին։ Նույնիսկ շատ ավելի վատ, որովհետեւ թեեւ Հայաստանին կապող միջանցք կա, բայց նախկին ԼՂԻՄ տարածքի մոտ 30 տոկոսն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, խաղաղ բնակավայրերն ավերված են, բնակիչները՝ տարհանված, անվտանգության երաշխավորներն էլ ռուս խաղաղապահներն են (Խորհրդային Միության վերջին տարիներին այդ դերը ստանձնել էին ԽՍՀՄ ներքին զորքերը)։ Հայաստանի տնտեսական վիճակը նույնքան ծանր է, որքան այն տարիներին, ու տնտեսական կոլապսի վտանգ կա։ Անգամ հասարակության բարոյահոգեբանական տեսանկյունից ենք վերադարձել այդ տարիների իրավիճակին, որովհետեւ զոհի բարդույթը, որ հազիվ հաղթահարել էինք արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ, կրկին վերադառնում է։ Ու նորից հայտնվում ենք ցեղասպանվածի, հայի բախտից ու աշխարհի անարդարությունից դժգոհողի եւ մեզ հերթական անգամ ցեղասպանությունից փրկողի նկատմամբ անսահման երախտագիտության տիրույթում։ Եվ այդ ամենը՝ Ռուսաստանից գրեթե լիակատար կախվածության պայմաններում։

Հիմա մենք ոչ անցյալում ենք, ոչ ապագայում։ Հիմա մենք զրոյական կետում ենք։ Անցյալի իրողություններին վերադառնալը շատից-քչից կանխատեսելի է, առաջ շարժվելը՝ անորոշ ու մի քիչ էլ վախենալու։ Առաջինի դեպքում՝ արտաքին-քաղաքական ու անվտանգային հարցերում լիովին ապավինում ենք բացառապես Ռուսաստանին, նրանք, ի դեպ, Արցախի հայ բնակչության անվտանգությունը նույնպես կապահովեն (դա նաեւ իրենց է պետք), հետո կամաց-կամաց կհարմարվենք նոր իրողություններին, տնտեսական դժվարությունները կհաղթահարենք, քայլ առ քայլ կփորձենք հզորանալ՝ այնքանով, ինչքանով Ռուսաստանը թույլ կտա, մի խոսքով՝ լավից-վատից կգոյատեւենք։

Երկրորդ ճանապարհը շատ ավելի բարդ է, որովհետեւ մեզանից պահանջելու է ուժերի գերլարում, առավելագույն կշռադատվածություն բոլոր հարցերում, բացառիկ պատասխանատվություն՝ ցանկացած որոշում կայացնելիս, հրաժարում բոլոր տեսակի պատրանքներից ու աշխարհաքաղաքական իրողությունների հետ հաշվի նստելու սթափություն, տնտեսության բոլոր ոլորտների, գիտության, կրթության, աշխարհայացքի արմատական փոփոխություններ եւ այլն։ Ու ոչ մի երաշխիք չկա, որ կստացվի։ Հնարավոր է՝ այս անգամ նույնպես ձախողվենք, ինչպես ձախողվել ենք անկախությանը հաջորդած 29 տարիների արդյունքում՝ սկսելով ավելի նպաստավոր պայմաններում։

Բայց մենք այլ տարբերակ չունենք, մենք պիտի կատարենք մեր ընտրությունը։ Ընդ որում՝ միջանկյալ տարբերակներ կամ չկան, կամ կարող են շատ ավելի աղետալի հետեւանքների հանգեցնել, որովհետեւ աշխարհաքաղաքական կենտրոններին «ֆռցնելու» փորձերը սովորաբար հենց այդպես էլ ավարտվում են։ Ու դա պիտի լինի շատ լուրջ ընտրություն՝ առանց էմոցիաների եւ հիմնված բացառապես սթափ հաշվարկների վրա։