• Sun. Jan 24th, 2021

Փաշինյանի իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ չի լինի հանրության հետ լուծումների մասին խոսող նոր քաղաքական ուժ

Byhttp://Mitk.am

Nov 29, 2020

Հայաստանում տնտեսական, մեդիա և այլ ռեսուրսների տիրապետող ներքաղաքական խմբերը այժմ զբաղված են ծանրագույն հոգեբանական և շոկային մթնոլորտը առավել սրելով՝ ակնկալելով, որ դա կօգնի լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացման հարցը: Տեղի ունեցող ներքին գործընթացի խորքային մոտիվը առանց այդ էլ ծանր մթնոլորտն առավել ծանրացնելն է։

Տեղի ունեցածի և անգամ տեղի ունեցողի ֆոնին առավել ևս կարևոր է դառնում ոչ թե իշխանության հեռացումը, այլ նոր իշխանության ձևավորումը: Այդ իմաստով ներքին օրակարգային խոսակցությունը պետք է ծավալվեր հենց այդ խնդրի շուրջ, ինչը, սակայն, գոյություն չունի բացարձակապես:
Մինչդեռ հանրությանը բոլորովին պետք չէ ռազմական պարտության, հազարավոր զոհերի, ծանր մարդկային ու տարածքների կորուստների ծանրությունն ավելի ու ավելի սուր և թեժ ներկայացնելու ջանք: Հանրությունն այդ հասարակական-քաղաքական դերակատարներից բազմակի անգամ ավելին գիտեր, պատկերացնում էր հայրենիքի արժեքը և ամեն մի մարդու ու սանտիմետրի կորստի ցավը: Հանրության ցավը խտացնել պետք չէ՝ գործող իշխանության դեմ տրամադրությունն ու դժգոհությունը խտացնելու ակնկալիքով: Ներկայումս պետք են այդ ցավի հաղթահարման թե՛ հոգեբանական, թե՛ արդեն կոնկրետ տնտեսաքաղաքական լուծումներ, որոնց շուրջ խոսակցությունն էլ պետք է սկսի լուծել նոր իշխանության ձևավորման հարցը:

Նոր իշխանության ձևավորումն է, որ ինքնաբերաբար լուծելու է ներկայումս գործող իշխանության հեռացման խնդիրը: Այդ իշխանությունը արդեն հեռացած է, այդ իշխանության ու հանրության միջև օրգանական կապ այլևս գոյություն չունի: Այդ կապն արդեն սկսել էր խզվել պատերազմից առաջ իսկ, և առավել ևս այն կտրվել է ծանր պարտությամբ և իրողություններով: Բայց, ի տարբերություն հասարակական-քաղաքական դերակատարների, հասարակությունը այդ իշխանության հետ չունի լուծելու քաղաքական հարց, հանրությունը ակնկալում է եղած քաղաքական հարցերի լուծում, ըստ այդմ՝ պատրաստ է իշխանության մանդատ տալ նրանց, ովքեր առարկայորեն կխոսեն լուծումների մասին:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ չի լինի հանրության հետ այդ լուծումների մասին խոսող նոր քաղաքական ուժ: Նոր՝ ամենևին չի նշանակում ֆիզիկապես կամ «գրանցման վկայականով» նոր: Նոր ուժ, այսինքն՝ ուժ, որը նոր իրավիճակում կսկսի խաղալ մարդկանց մտքերի, ոչ թե զգացմունքների և բնազդների վրա: Իսկ անելիքները ահռելի են ներքին ու արտաքին դաշտում, ահռելի ու հրատապ:
Spread the love
  •  
  •  
  • 0
  •  
  • 14
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 0
  • 14
  •