ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:
Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքն են հայտնել վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանը մայրերին հայտնել է, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:
«Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ»,- տեղեկացրել է հիմնադրամը՝ նշելով, որ հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: