• Sun. Jan 24th, 2021

Բանակցել են հայկական իրավունքը առկախելու եւ Ադրբեջանի իրավունքը հաստատելու տրամաբանությամբ

Հայաստանում շարունակվում է ներքաղաքական փոխադարձ մեղադրանքների տարափը, երբ ընդդիմությունը պարտության պատասխանատվությունը բարդում է իշխանության վրա, իշխանությունը՝ ընդդիմության, զանազան ձեւերով:

Տեղի ունեցողը սակայն իրականում հեռու է քննարկում լինելուց, որը հնարավոր կլիներ դիտարկել գոնե պարտությունից իրապես դաս քաղելու, անկումը կանգնեցնելու եւ հաղթանակի պատրաստվելու խնդրի շրջանակում:

Տեղի ունեցողն ավելի շուտ հիշեցնում է անեկդոտը՝ «մի վիճեք, երկուսդ էլ ճիշտ եք»: Սակայն, իրավիճակը ողբերգական է, ոչ թե անեկդոտային: Վարչապետի վերջին գրառումներից հետո սկսել են քննարկումներ, թե նա ինչն է ճիշտ գրել, ինչը՝ սուտ, ինչպիսին էր Կազանի թուղթը, կամ ներկայացված որեւէ թուղթ, 7 շրջան էր հանձնվելու, թե 5, թե երկու:

Այդ քննարկումները հերթական անգամ վկայում են, որ հայկական քաղաքական դասը պատրաստ է վիճել, թե ով քանի շրջան պակաս հանձնելու շուրջ է բանակցել Ադրբեջանի հետ, ու այդ պակասը իբրեւ ձեռքբերում ներկայացնել հանրությանը՝ ներկայիս ծանր վիճակում պատասխանատվությունից դուրս մնալու համար: Իսկ դրանից պարզ է դառնում, որ այդ դասը չէր կարող վարել արցախյան հարցի նշանակությանը, դրանից բխող հնարավորություններին ու վտանգներին համարժեք քաղաքականություն:

Ալիեւին բացարձակապես կարեւոր չէր տարածքների մաթեմատիկան: Նա զբաղված էր քաղաքականությամբ, ոչ թե մաթեմատիկայով, ի տարբերություն հայաստանյան քաղաքական դասի: Նրա համար էականը այսպես կոչված սկզբունքն էր, տրամաբանությունը, որի ներքո կառուցում էր իր «ամբողջի իրավունքը»:

Այդ պատճառով է Ալիեւը տապալել կարգավորման որեւէ տարբերակ, ինչպիսին էլ այն լինի: Այդ պատճառով է նա տապալել Քի Վեստից Կազան: Նրա համար կարեւորը եղել է ոչ թե մի քանի շրջան, կամ որքան հնարավոր է շատ հետ ստանալը, այլ տարածքներից ամբողջի նկատմամբ իրավունք ստանալը, հաստատելը: Ամենակարեւորը՝ իրավունքը հաստատելը:

Հայաստանի քաղաքական դասի նման պահվաքծն արդեն դառնում էր Ալիեւի ռազմավարության հաջողությունն ու հայկական ռազմավարության քայքայումը, եթե այդպիսին հնարավոր է դիտարկել ժամանակ ձգելու տարիների քաղաքականությունը:

Հիմա վիճում են՝ ոչ, մենք ոչ թե 7, այլ հինգ շրջան էինք բանակցում, ոչ՝ մենք Շուշի չէինք բանակցում, այսինչ բանակցում էինք, այնինչ չէինք բանակցում: Կամա թե ակամա բոլորդ բանակցել եք հայկական իրավունքը առկախելու եւ Ադրբեջանի իրավունքը հաստատելու տրամաբանությամբ:

Անկասկած, ոչ այն պատճառով, որ եղել եք դավաճան: Պարզապես եղել եք քաղաքականապես անհամարժեք, ավելի ճիշտ՝ հրաժարվել եք քաղաքականությունից: Երբ աշխարհաքաղաքական միջավայրը դեռ «խաղաղ» էր՝ «մանուշակը ճոճք էր թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան», ինչպես կասեր մեծերից մեկը: Մինչեւ այն պահը, երբ իրադրությունը սկսեց փոխվել, պայմանական 2007-08 փուլից, Պուտինի մյունխենյան ելույթից սկսած:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •