• Fri. Apr 23rd, 2021

Ժամկետային զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց էին՝ կոորդինացնելու հետագա անելիքները

Ժամկետային զինծառայողների ծնողները այսօր Կառավարության դիմաց էին։ Ծնողներից մեկը նշեց, որ Կառավարությունից պահանջ չունեն, պարզապես հավաքվել են այստեղ՝ համակարգելու հետագա անելիքները։ 

«Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ հանդիպումից հետո հանդիպում կազմակերպեցին պաշտպանության նախարարի հետ։ Կարող ենք համարել, որ այդ պահանջն էլ որոշակի արդյունք տվեց, դրա համար այս պահին վարչապետի հետ հանդիպման անհրաժեշտություն չկա, ուղղակի ամենօրյա ռեժիմով հավաքվում ենք այստեղ ժամը 12:00-ին: Համարեք՝ քանի որ չունենք օֆիս, մի տեղ պիտի հավաքվենք, որպեսզի կոորդինացնենք մեր անելիքները»։

Զինծառայողի մայրը նաև ասաց, որ հետագայում պահանջներ ձևավորվելու դեպքում դիմելու են պաշտպանության նախարարություն։ «Քանի որ վերջին հանդիպումը եղավ պաշտպանության նախարարի հետ, և մենք հասկացանք, որ մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները իրավասու է տալ միայն պաշտպանության նախարարությունը, հետագա պահանջներ ձևավորվելու դեպքում մենք ավելի լավ է՝ դիմենք պաշտպանության նախարարությանը, քան Կառավարությանը։ Այս առումով Կառավարության հետ որևէ հանդիպման պահանջ ակտուալ չէ»։

Ծնողի խոսքով՝ զինծառայողների հարազատների 5 հոգանոց խումբ էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց է գտնվում։ «Շատ տարբեր են խնդիրները։ Մեր պահանջը մեկն է՝ մեր երեխաները, որ պատերազմի արհավիրքով անցել են, շարունակում են անմարդկային պայմաններում ծառայել և չեն ստանում բուժօգնություն, բուժսպասարկում, բայց ամեն մեկի մոտ խնդիրը ինդիվիդուալ է, անհատական: Բացի առողջական խնդիրներից, կան նաև տեղակայման խնդիրներ, և ծնողներ կան, որոնք հարկ ունեն դիմելու հենց այդ գրասենյակին: Այդ պատճառով որոշվեց 5 հոգանոց խումբ կազմել, հասկանալ՝ կոնրետ այդ գրասենյակը ինչ մասնակցություն կարող է ունենալ մեր խնդիրների լուծման հարցում»։

Նա տեղեկացրեց նաև, որ վաղվանից ժամկետային զինծառայողները որոշակի հոսքով գալու են Հայաստան՝ արձակուրդի։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողների հարազատները վերջին օրերին ակցիաներ են իրականացրել պաշտպանության նախարարության և Կառավարության դիմաց։ Նրանք պահանջել են արձակուրդ տրամադրել պատերազմական գործողությունների միջով անցած ժամկետային զինծառայողներին՝ ընդգծելով, որ զինծառայողների համար չեն ապահովվում տարրական պայմաններ, չի տրամադրվում անհրաժեշտ բուժօգնություն։