• Fri. Apr 23rd, 2021

Ինչպե՞ս կվերաբերվի ԱՄՆ նոր նախագահը` Գյուլենից հետո ու Էրդողանի հետ

Սիրիացի զինյալների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ համաձայնագրում, ինչպես նաև դրանում չկա Արցախի կարգավիճակի հարցը, կան հարցեր կայունության և անվտանգության առնչությամբ: Այդ մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը՝ նշելով, թե այդ պատճառով էլ պետք է բանակցությունը շարունակվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ֆրանսիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան շոշափում է հարցեր, որոնք Փարիզը բարձրաձայնում է նոյեմբերի 10-ից ի վեր: Միաժամանակ, արդեն մոտ 20 օր է՝ նկատելի չէ շարժ այդ հարցադրումների ուղղությամբ, ինչը թույլ կտա դիտարկել Մինսկի խմբի համանախագահության աշխուժացում: Այդ աշխուժացումը ակնհայտորեն անցանկալի է Բաքվի և Անկարայի համար, քանի որ հարցադրումները վերաբերում են առավելապես հայկական իրավունքներին ու անվտանգությանը: Մինչդեռ եռակողմ համաձայնագրում այդ հանգամանքները հասցված են գրեթե զրոյի: Ընդ որում, երբ խոսվում է եռակողմ համաձայնագրի մասին, ապա այստեղ դե յուրե երեք կողմերի և դե ֆակտո երեք կողմերի պարագան թերևս տարբեր է: Այսինքն՝ դե յուրե կա Հայաստան, ՌԴ, Ադրբեջան, դե ֆակտո, սակայն, համաձայնագիրը թերևս ՌԴ, Թուրքիա, Ադրբեջան ձևաչափով է: Ֆրանսիան մեծ հաշվով ակնարկում է այդ մասին:

Որտե՞ղ է իրեն հարմարավետ զգալու Ռուսաստանը, ո՞ր երեք կողմում՝ ՌԴ, Թուրքիա, Ադրբեջա՞ն, թե՞ Մինսկի խմբի երեք համանախագահների: Այստեղ իրավիճակը միարժեք չէ, սակայն կասկածից վեր է թերևս մի բան, որ վճռորոշ է լինելու ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշումն ու վերաբերմունքը: Եթե Ջո Բայդենի վարչակազմը վերականգնի ԱՄՆ աշխույժ հետաքրքրությունը կովկասյան ռեգիոնի ռազմաքաղաքական համակարգի ճարտարապետության նկատմամբ, ապա դա նոր իրողությունների առաջ կդնի նոյեմբերի 9-ի դե ֆակտո երեք կողմերին, և կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կձևավորեն այլ երեք կողմ՝ Վաշինգտոն, Փարիզ և Երևան, եթե իհարկե Երևանը դրսևորի նոյեմբերի 9-ի համաձայնության քաղաքական ենթակայությունից դուրս գալու համարձակություն:

Ամերիկյան մամուլում հրապարակվում է տեղեկություն, որ Էրդողանը մտադիր է գնալ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերության հաստատման և ԱՄՆ-Թուրքիա հակադրությունների հարթման: Էրդողանն իրեն բնորոշ բնազդով անկասկած զգում է խնդիրն ու շտապում այն կարգավորելու: Այդ հանգամանքը փորձագետների մի մասը պայմանավորում է ռուս-թուրքական խնդիրներով և անհամաձայնություններով, որ կան Լիբիայի, Սիրիայի, այժմ արդեն Արցախի հարցում՝ չնայած պատերազմի ավարտին: Անշուշտ, այդ հանգամանքը կա: Դա նշանակում է, սակայն, որ Ռուսաստանը կամ պետք է փորձի հետ պահել Թուրքիային, կամ անցնել նրանից առաջ՝ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերության հաստատման իմաստով: Այդ քայլերից մեկը կարող է լինել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը: Կսկսվի՞ Էրդողանի և Պուտինի միջև մրցակցություն Բայդենի հետ աշխատանքի համար: Այստեղ բացառել պետք չէ և այն, որ միմյանց հետ հեշտ պայմանավորվող Էրդողանն ու Պուտինը՝ համենայնդեպս, վերջինիս հավաստիացմամբ, կպայմանավորվեն նաև ԱՄՆ նոր վարչակազմի հարցում՝ որ Վաշինգտոնից հնարավոր ռիսկեր չեզոքացնելն Էրդողանը վերցնում է իր վրա:

Իհարկե, բարդ և բազմաշերտ իրավիճակ է: Չի բացառվում, որ այս փուլում Էրդողանը Պուտինից ստացել է առավելագույնը կամ նրա նկատմամբ հասել է առավելագույնին, այժմ փորձում է լուծել ամրապնդվելու հարցը Բայդենի միջոցով: Ինչպե՞ս կվերաբերվի այդ ամենին ԱՄՆ նոր նախագահը, որը 2016-ին դեռևս փոխնախագահի պաշտոնում բավականին կոպիտ ու հեգնական իրավաքաղաքական լիկբեզ անցկացրեց Էրդողանի համար՝ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ նրա հարցադրումից հետո: