• Fri. Apr 23rd, 2021

Կազանյան դիլեմա Էդվարդ Նալբանդյանի եւ Սերժ Սարգսյանի միջև, ո՞վ ծախեց Արցախը

«Կազանում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէր: Խոսքը Հիմնական սկզբունքների տեքստի բանավոր համաձայնեցման մասին էր», Սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, խոսելով կարգավորման գործընթացի տարիների պատմության մասին:

Նախկին նախարարի հայտարարությունը փոքր ինչ տարօրինակ է․ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան քառօրյայից քսան օր անց Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում ասել էր․ «2011 թվականին Կազանի հանդիպումից առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ հիմա փաստաթուղթ է ստորագրվելու: Այն աստիճանի, որ Միացյալ Նահանգների նախագահը, Ֆրանսիայի նախագահը հորդորեցին եւ ինձ, եւ Ալիեւին, իսկ Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ էր կայանալու այդ հանդիպումը, լինել վճռական եւ ստորագրել այդ փաստաթուղթը: Իմ մասնագիտությունը գուշակություններ անելը չէ, բայց այդ հանդիպումից առաջ ես արդեն Լավրովին ասել էի, որ այսպիսի մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. եւ ադրբեջանցիները չեն ստորագրելու այս փաստաթուղթը եւս», ասել էր Սերժ Սարգսյանը:

Ստացվում է, որ այդուհանդերձ եղել է տրամադրվածություն, որ Կազանում ստորագրվելու է փաստաթուղթ: Ավելին, Սերժ Սարգսյանը թե Բլումբերգին, թե շաբաթներ անց նաեւ Կիսելյովին տված հարցազրույցում նշել էր, որ ինքը պատրաստ էր ստորագրել առանց կարգավիճակի վերջնական հստակեցման տարածք հանձնելու վերաբերյալ փաստաթուղթը:

Էդվարդ Նալբանդյանի եւ Սերժ Սարգսյանի գնահատականների միջեւ տարբերությունը գուցե թվա դետալային՝ ստորագրվելու՞ էր Կազանում ինչ որ բան, նախատեսվու՞մ էր, թե ոչ, սակայն ամբողջ հարցն այն է, որ արցախյան գործընթացում այդպիսի դետալները շատ են: Հնարավոր են մեծ ու փոքր տարբերություններ ոչ միայն տարբեր ժամանակների նախարարների, նախագահների հայտարարությունների, այլեւ հենց նույն մարդկանց՝ տարբեր ժամանակներում արած հայտարարությունների միջեւ:

Այդ իմաստով, արցախյան կարգավորման գործընթացում ամեն մեկն ունի իր ճշմարտությունը, եւ ավելին՝ ամեն մեկն ունի ըստ տարբեր պահերի իր ճշմարտությունը: Օբյեկտի՞վ է այդ իրողությունը, թե՞ սուբյեկտիվ՝ ելնելով այն հանգամանքից, որ ի վերջո այստեղ շոշափվել, հատվեծ, համադրվել եւ հակադրվել են ուժային կենտրոնների շահեր, եւ հայկական կողմին հաճախ հարկ է եղել պարզապես մանեւրել այդ արանքում:

Բայց դա նշանակում է, որ ժամանակն է ի մի բերել ամբողջ պատմությունը, սակայն ոչ թե թերթերում, սոցցանցերում կամ հրապարակներում, այլ մի կլոր սեղանի շուրջ, հասկանալու համար, թե ով ինչ է արել, ում հետ ինչ է խոսել, ինչ է թաքցրել, ինչ է հանրայնացրել եւ այլն:

Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը կանգնել է նոր իրողությունների առաջ, երբ հարկ է ձեւավորել եւ ձեւակերպել նոր բովանդակություն ու ռազմավարություն, ներառելով չլուծված խնդիրները: Բայց դա չի ստացվելու, եթե մինչեւ նոյեմբերի 9-ը եղած դերակատարները չհավաքվեն եւ միասին «շաբաթօրյակ» չանեն ազգային-պետական հարցում եւ դրա շուրջ: