• Sun. Jan 24th, 2021

Դավադիր ծրագիրն իր վրա վերցրեց, միայն 70-80 տոկոս ձայն ունեցող առաջնորդն այդ քայլին կգնար

Byhttp://Mitk.am

Dec 1, 2020

Կասկածից վեր է, որ այս իշխանությունները չեն պաշտոնավարի մինչև հերթական ընտրությունները։ Միևնույն ժամանակ պարզ է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի։ Նախ հրապարակում նման պահանջ ներկայացնողները բացարձակ մեծամասնություն չեն, և երկրորդն էլ ՝ժողովուրդը այդ պահանջողների նկատմամբ ունի մեծ վերապահումներ։

Այս օրերին վարչապետ Փաշինյանին պիտակավորեցին ամենատարբեր ձևերով՝ «դավաճան», «պոպուլիստ» «դեմագոգ»։ Բայց հարցը հետևյալն է՝ աղետի հասցրած գաղափարներից որևէ մեկն իր գլխում չի ծնվել։ Չենք հերքում, որ հիմնական պատասխանատվությունն ընկնում է գործող իշխանության ուսերին, բայց ինքը չէր, որ անվտանգության գոտու անունը դրեց ազատագրված տարածքներ ու որդեգրեց ոչ մի թիզ հող հանձնելու սկզբունքը, նաև ինքը չէր Իսրայել դառնալու, կանանց զորակոչելով, աշխարհազորով ու այլ նմանատիպ լոզունգներով բարդագույն խնդիրը լուծելու հեղինակը։ Տասնամյակներ շարունակ խնդիրը մեր միասնականությամբ լուծելու քարոզ տանողները արդյոք չունե՞ն իրենց պատասխանատվության բաժինը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ հստակ է, որ այս իշխանություններն այլևս անելիք չունեն: «Պարտված ղեկավարությունը չի կարող պաշտոնավարել։ Նկատելի է նաև, որ լուրջ գործընթացներ են տարվում իշխանությունների դեմ հրապարակային մակարդակով, չնայած թվաքանակն այնքան էլ խոսուն չէ։ Երկիրն անկառավարելի իրավիճակում է ու գլորվում է դեպի անդունդ։ Մենք օրվա իշխանություններին հուշում ենք՝ իրենց առկայությամբ հնարավոր չէ իրավիճակը փոխել։ Ցավոք սրտի, նախկիններն էլ 20 տարի աջակցել են այդ գահավիժմանը, ու նրանք ևս անելիք չունեն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը՝ այս իշխանության սիմվոլը պետք է հրաժարական տա, միևնույն ժամանակ առաջարկի անցումային կառավարություն՝ հստակ նշելով արտահերթ ընտրությունների ժամկետները. «Դա պետք է լինի վեց ամսվա ընթացքում։ Նպատակաուղղված կերպով բոլոր առողջ ուժերն այս ընթացքում մղվեցին լուսանցք։ Դաշտում մնացին, իրենց ասած, սևերը՝ նախկինները, ու իրենք՝ սպիտակները։ Նման կերպ կառավարելը հեշտ է։ Մենք այս ընթացում պետք է լուրջ գործընթացներ սկսենք երկիրը գահավիժումից փրկելու համար։ Այսօրվա իշխանությունները, անցյալի ուժերը ապագա չունեն, այժմ պետք է համախմբվեն լավ կենսագրություն ունեցող մարդիկ»։

Միևնույն ժամանակ Պետրոս Մակեյանը չի կարծում, թե տեղի ունեցածը միայն Նիկոլ Փաշինյանի մեղքով էր. «Տասնամյակներ կուտակված խնդիրներ էին։ Մեզ կերակրում էին, թե խնդիրներ չունենք, նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Նման բլեֆներով ժողովրդին կերակրեցին 44 օր։ Բայց մի բան պարզ է՝ մեր զինվորն անպարտելի է, նրանց պարտեցնողը իշխանություններն էին։ Նիկոլի մեղքի բաժինը հետևյալն է. երկուսուկես տարին բավարար ժամանակ էր բանակցային գործընթացներ անելու համար։ Բայց այս իշխանությունները տրվեցին ցոփուշվայտ կյանքին։ Տարվա մեջ մի քանի անգամ կոչ էի անում, որ լրջանան, բայց ոչ մի արձագանք։ Պատասխանատու են օրվա իշխանությունները, նաև նախկինները՝ 20 տարվա իրենց թալանով ու լոզունգներով։ Նիկոլը չկարողացավ թալանը հետ բերել, իսկ ինչն էլ որ հետ բերեց՝ իր պարգևավճարներին բավարարեց։ Նիկոլի մեղքը շատ մեծ է, բայց հիմնական թիրախ իրեն դարձնելն էլ սխալ է»։

Մակեյանը շարունակեց. «Իմ իմացած Նիկոլն ուրիշ Նիկոլ էր, բայց պարզվում է՝ մարդը բազմաշերտ է։ Այս ամենի մեջ ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ, որովհետև Նիկոլին աճեցնողներից մեկն էլ մեր կուսակցությունն է։ Հեղափոխության ժամանակ ինքն արդեն Սերժ Սարգսյանի հետ դավադիր ծրագիրն իր վրա վերցնելու գործընթաց վերցրեց։ Սա ոչ ոք չէր կարող անել՝ միայն ժողովրդի 70-80 տոկոս աջակցությունն ունեցող մարդը։ Իր փոխարեն ցանկացած մեկին ՝ Սերժին ու Ռոբերտին, արդեն գնդակահարել էին։ Նա այդ բեռը վերցրեց իր վրա, իր բնավորությունն իմանալով՝ նա փորձեց դուրս գալ այդ կապանքներից, բայց փաստորեն այդ կապանքներն այնքան հզոր էին, որ իրեն խեղդեցին»։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 25
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 25
  •