Այդ աշխատանքը յուրաքանչյուր քայլի հանրային մեկնաբանություն չի ենթադրում, բայց այն տարվում է և գտնվում է մեր ռազմական մասնագետների ուշադրության կենտրոնում: Այդպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան նախորդ շաբաթավերջին ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին, որ վերաբերել է Սիրիայից արցախյան գոտի զինյալների տեղափոխումը շարունակելու Թուրքիայի գործողություններին: Հրապարակվում են տեղեկություններ, որ Անկարան շարունակում է զինյալների տեղափոխումը վերաբնակների անվան տակ:
Միաժամանակ տեղեկություններ կան, որ Թուրքիան տեղափոխում է այն զինյալների ընտանիքներին, որոնց բերել էր Արցախի դեմ կռվելու: Ըստ տեղեկությունների՝ այդ կոնտինգենտը իր ընտանիքներով կբնակվի Իրանին սահմանակից Արցախի հարավային շրջաններում, որոնք Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ գրավել է Ադրբեջանը: Զախարովան հայտնում է, թե ոչ բոլոր քայլերն են ենթակա հանրայնացման: Հանրային մակարդակում, պատերազմից ի վեր Ռուսաստանը միայն մտահոգություն է հայտնում փաստի կապակցությամբ, իհարկե նշելով, որ տիրապետում է ստույգ տեղեկությունների: Միաժամանակ, Ռուսաստանը հարվածներ է հասցնում Սիրիայում մերձթուրքական զինյալ խմբավորումների ճամբարներին: Բայց առաջին հայացքից պատժիչ թվացող այդ գործողությունները կարող են ունենալ նաև հակառակ էֆեկտ՝ այն իմաստով, որ Թուրքիային ավելի հեշտ լինի համոզել այդ զինյալ խմբավորումների անդամներին տեղափոխվել Կովկաս:
Մասնավորապես, Անկարան Ադրբեջանում ունի ռազմա-քաղաքական գերազդեցություն, սակայն չունի թերևս կարևոր մի հանգամանք, առավել ևս մահմեդականության տեսանկյունից՝ հանրային հենարան: Այդ հարցը սուննի մահմեդականությամբ Թուրքիայի համար շիա Ադրբեջանի առումով բավականին զգայուն է: Թուրքերն, ըստ ամենայնի, առավել կարևոր են համարում Մոսկվայի լոյալությունը ստանալ շիա Ադրբեջանում դեմոգրաֆիական «սուննի» ներդրումների համար, դրանով միաժամանակ նաև «սուննիական շերտ» ձևավորելով Իրանի հյուսիսային սահմանին: Իր հերթին, Մոսկվան այդպիսով կարող է ստանալ առիթ Հայաստանի հարավում ևս ռազմական ներկայություն ընդլայնելու համար՝ Ադրբեջանի հետ սահմանի մարտահրավերների հարցում հայկական կողմին աջակցության հիմնավորումով: Մոսկվան չունի հանրայնացնելու ենթակա քայլեր, որովհետև հանրայնացումը ավելորդ խնդիր է լինելու փոխադարձ պայմանավորվածությունների համար: Դրանց շարքում թերևս կլինի այն, որ Թուրքիան երաշխավորի զինյալների հեռավորություն ՌԴ հարավային սահմանից: Զախարովան ըստ երևույթին նկատի ունի հենց դա՝ ասելով, որ հարցը ռազմական մասնագետների վերահսկողության դաշտում է, այլ կերպ ասած՝ զինյալների շարժի վերահսկողության: Համենայնդեպս, հատկանշական է, որ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չի բարձրաձայնում դրանց հեռացման անհրաժեշտությունը:
4
4