• Fri. Apr 23rd, 2021

Ինչ իրավիճակ է Բերձորում և Աղավնոյում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները երեկ  տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն: Ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:

«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ», -մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:

Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են  իրադարձությունների հետագա ընթացքին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: Ինչպես հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում  իրականացրել են պայթյունավտանգ առարկաների հեռացման աշխատանքներ և ապահովել են մարտական գործողությունների ընթացքում վնասված էլեկտրամատակարարման  բարձրավոլտ գծերի վերականգնման աշխատանքներ իրականացնող բրիգադների աշխատանքի անվտանգությունը:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, թողնված կամ չաշխատած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվում են: Զինամթերքը, որն անհնար է անվտանգ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցառումները:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 29 հեկտար տարածք և շուրջ 10 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն և սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 1000 պայթյունավտանգ առարկա:

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղական համայնքում այս պահի դրությամբ շարունակում է բնակվել 9 ընտանիք,- տեղեկացրել է Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:

«Հարազատ գյուղում ապրելու և այն հայկական պահելու մեր դիրքորոշումը չի փոխվել: Շարունակելու ենք ապրել այստեղ: Խաղաղապահները իրենց գործն են անում, իսկ մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր ընտանիքների անվտանգությունն ու գյուղը: Այստեղ մնացած տղամարդիկ շարունակում են  հերթապահել գյուղի շրջակայքում: Գյուղապետարանի տանիքին շարունակում է ծածանվել մեր դրոշը  և այլ դրոշ չենք ուզում տեսնել այնտեղ: Պայմանագրով խաղաղապահները պիտի ապահովեն միջանցքի անվտանգությունը: Նրանք  իրենց գործն են անելու, իսկ մենք այստեղ ապրելու և մեր անվտանգությունը պաշտպանելու  իրավունք ունենք: Պատրաստ ենք նույնիսկ կյանքի գնով պաշտպանել մեր իրավունքները: Այստեղից մենք պաշտպանում ենք նաև Ստեփանակերտն ու ամբողջ հայության իրավունքները: Կցանկանայինք, որպեսզի պատկան մարմինների կողմից հստակ պարզաբանումներ լինեին. մեզ ասում են՝ գյուղը հայկական է մնալու, սակայն տարհանման համար վառելանյութ ու ավտոբուսներ են տրամադրում», -ասաց Աղավնո համայնքի ղեկավարը:

Նրա հաղորդմամբ՝ շուրջ երեք օր է գյուղը  հոսանքազրկված է, չեն գործում արցախյան կապի միջոցները, իսկ Աղավնոյում ապրող ընտանիքներին սնունդ   և այլ անհրաժեշտ պարագաներ ուղարկում են  ընկերներն ու բարեկամները: