• Thu. Mar 4th, 2021

Լավրովը՝ Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի մասին

Byhttp://Mitk.am

Dec 1, 2020

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների եւ զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացներում միտումնավոր հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան բարդություններ այս հարցում առաջընթաց ունենալու համար, որոնք օբյեկտիվ են:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսի ժամանակ:

«Մահացածների թիվը փոքր չէ, մենք շահագրգռված ենք այս հումանիտար ճգնաժամի՝ հնարավորինս արագ լուծմամբ, ինչի համար մեր խաղաղապահները մի շարք հստակ քայլեր են արել։ Այս հարցի շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարերաբար հեռախոսազրույցներ, քննարկումներ են ունենում,  նման շփումները վերջին շաբաթների, օրերի ընթացքում քիչ չեն եղել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Սերգեյ Լավրովը նշել է, որ ՌԴ խաղաղապահները եւս անհետ կորած անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակման խնդիրներին մեծ ուշադրություն են դարձրել ու դարձնում: Նրանք այդ խնդրով զբաղվել են նաեւ այն ժամանակ, երբ ԿԽՄԿ աշխատակիցները տեղում չեն եղել: Այժմ, ըստ Լավրովի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները ծրագրում են ընդլայնել իրենց ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Բաքվում ու Երեւանում:

«Հաշվի առնելով տեղանքը, ռազմական գործողությունների ընթացքը, դրանց դադարից անմիջապես հետո հնարավոր չի եղել զբաղվել այդ հարցերով։ Հուսանք, որ մասնագետների ներկայությունը կարագացնի աշխատանքները, խաղաղապահները եւս կօգնեն, սակայն փաստ է այն, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք, կարծում եմ արագ կլուծվեն»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղում ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի օգտագործման վերաբերյալ գաղափարներ չեն արտահայտվել:

Խոսելով այլ թեմաներից, Լավրովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը մտադիր է ստեղծել մեխանիզմ `կենսաբանական անվտանգության ոլորտում սպառնալիքներին դիմակայելու համար:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում առաջարկել էր մշակել կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության հավաքական մոտեցումներ:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի գործողությունները՝ ռազմավարական կայունության ոլորտում պայմանավորվածությունները խզելու ուղղությամբ, սպառնում են միջազգային անվտանգությանը:

«Մենք այսօր աշխատում էինք համաճարակային սահմանափակումների պայմաններում, բայց ՀԱՊԿ երկրների հատուկ անվտանգ կապի օգտագործումը մեզ թույլ տվեց անկեղծորեն եւ գաղտնի փոխանակել կարծիքներ միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության բոլոր կարեւոր հարցերի շուրջ, քննարկել իրավիճակը տարբեր ճգնաժամային շրջաններում, հատկապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտու տարածքում», – նշել է դիվանագիտական ծառայության ղեկավարը: Իհարկե, մենք խոսեցինք նաեւ ռազմավարական կայունության, ԱՄՆ-ի ստեղծած սպառնալիքների մասին,  խոսեցինք ահաբեկչության եւ այլ նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի մեր ընդհանուր աշխարհաքաղաքական տարածքում առաջադրանքների մասին»:

Այս կապակցությամբ Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանդիպման մասնակիցները «հաստատել են 2021-2025 թվականների ՀԱՊԿ հակաթմրանյութային ռազմավարությունը՝ ետությունների ղեկավարներին ներկայացնելու համար»: Նա ավելացրել է, որ Աֆղանստանի վերաբերյալ հայտարարությունը կցված է եւ դա ընդունվել է նախարարների մակարդակով: Փաստաթուղթը նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության սպառնալիքների ճնշմանը, որոնք շարունակում են դրսեւորվել Աֆղանստանում եւ ուղղակիորեն սպառնում են ԱՊՀ հարավային թեւին՝  առաջին հերթին Կենտրոնական Ասիային»:

Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի ձեռք բերման համար թեկնածուների ընտրության գործընթացում առաջընթացը կամրապնդի կազմակերպության կարողությունն ու հեղինակությունը համաշխարհային բեմում:

«Ես կցանկանայի ասել մեկ այլ կարեւոր նախաձեռնության մասին, որը հաստատվել է մեր պետությունների ղեկավարների կողմից: Ես նկատի ունեմ այն աշխատանքը, որը սկսվել է դիտորդի եւ ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակ ստանալու թեկնածուների շրջանակը որոշելու համար: Ցանկացողներ կան: Համոզված եմ, որ այս ճանապարհին առաջընթացը կամրապնդի կազմակերպության կարողությունները եւ միջազգային հեղինակությունը» – ասել է Լավրովը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  մասնակիցներն են 6 պետություններ ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: 2013 թվականին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում (ԽՎ) դիտորդի կարգավիճակ են ստացել Սերբիայի խորհրդարանի ստորին պալատը, Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատը եւ Բելառուսի ու Ռուսաստանի Միության Խորհրդարանական վեհաժողովը: 2014 թվականի նոյեմբերի 6-ին ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը որոշում կայացրեց համագործակցության հրավիրել Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի եւ Պակիստանի խորհրդարաններին: