• Fri. Apr 23rd, 2021

Խոսել իրավիճակը փոխելու առարկայական հնարավորությունների մասին՝ կոնկրետ բովանդակությամբ

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը կոշտ արձագանք էր տվել Մոսկվա մեկնելու հայտնի պատմության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը անդրադարձել էր երկու անգամ, այն սուտ որակելով: Երկրորդ նախագահի գրասենյակը խոստացել է այս շաբաթ ներկայացնել պարզաբանումները, կապված Մոսկվա մեկնելու, կամ ավելի շուտ՝ մեկնելու ցանկություն հայտնելու եւ չմեկնելու հետ:

Ընդ որում, հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը դեռեւս պատերազմի օրերին հայտարարեց, որ չմեկնելու պատճառը այն էր, որ նախագահ Քոչարյանի կորոնավիրուսի թեստը եղել է դրական:

Սակայն երկրորդ նախագահի համակիրների շրջանակից ակնարկներ են հնչում, որ դրական թեստը եղել է նրա Մոսկվա մեկնելու ճանապարհին «արհեստական» արգելք:

Տեր-Պետրոսյանը պատերազմի ժամանակ ի հայտ եկած պատմության առիթով ասել էր, թե անդրադարձ կարվի, երբ պատերազն ավարտվի, այժմ պատեհ պահ չէ: Պատերազմի ավարտից հետո Լեւոն Զուրաբյանն ասել էր, թե Փաշինյանը չի հասկանում, որ նախկին նախագահները չեն կարող հենց այնպես վեր կենալ ու գնալ ռուսական էլիտայի հետ խոսելու, նրանք պետք է ունենան գործող իշխանությունից ստացած համարժեք մանդատ: Արդյոք դա նշանակում է, որ մանդատի բացակայությունն է եղել չմեկնելու պատճառը:

Եվ արդյոք առաջին նախագահը համարում է, որ այդ անուղղակի, այլ ձեւաչափով եւ այլ դեմքից հնչած բացատրությունը բավարար է թեման սպառված համարելու տեսանկյունից: Այդ համատեքստում հետաքրքիր է, թե ինչ պարզաբանում է ներկայացնելու երկրորդ նախագահի գրասենյակը: Որովհետեւ, հասկանալի է, որ վարչապետ Փաշինյանի գրառումը սուտ որակելն այդքան էլ համոզիչ չէ, որովհետեւ այդ դեպքում հարց է առաջանում, թե որն է ճիշտը:

Ընդհանրապես ճիշտը կլիներ ոչ թե վիճել, թե ով ինչի համար խոստացավ, բայց չմեկնեց Մոսկվա խաղաղություն բերելու, այլ խոսել իրավիճակը փոխելու առարկայական հնարավորությունների մասին՝ կոնկրետ բովանդակությամբ:

Առայժմ սակայն ամեն ինչ շարունակում է կենտրոնացած լինել «Տիզբոնի» գաղափարի շուրջ, ինչպես խոշոր հաշվով եղել է միշտ: Ընդ որում՝ անգամ այդ տրամաբանության պարագայում առանց բովանդակության, այլ ընդամենը միմյանց ստի կամ խոստմնազանցության մեջ մեղադրելու համատեքստում:

Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանն օրինակ հնարավորություն ունի իր առաջիկա պարզաբանումը համեմել բովանդակությամբ, ոչ միայն արդարանալով, այլ բովանդակությամբ, թե ինչպես է պատկերացնում հետագայում որեւէ խնդրի լուծում՝ «բանակցողի փոփոխության» մոգական բանաձեւից բացի, որովհետեւ դա կարող է պատկերացնել ցանկացածը, մինդեռ դրանից հետո օրինակ առ այսօր ոչ ոք չի կարողանում ներկայացնել այլ բանակցողի վերաբերյալ իր շատ թե քիչ կոնկրետ պատկերացումն անգամ՝ անվան ու ազգանունի տեսքով, ուր մնաց անելիքի: