• Fri. Mar 5th, 2021

Կան զինվորներ, որ չեն ցանկանում աշխատել հոգեբանների հետ, հետեւանքները կարող են շատ ավելի վատ լինել

Byhttp://Mitk.am

Dec 1, 2020

Պատերազմի հոգեբանական հետեւանքները հաղթահարելու համար հոգեբանները ծանրաբեռնված գրաֆիկով մասնագիտական օգնություն են ցույց տալիս զինծառայողներին:

Զինծառայողների հետ աշխատող հոգեբան, հոգեթերապեւտ Հայկ Բաղդյանը նշեց, որ այս պատերազմը հետտրավմատիկ սթրեսային խանգարման տեսանկյունից ավելի ծանր է, քան նախորդները, քանի որ ռազմական գործողություններում կիրառվում էր հզոր տեխնիկա, եւ շատ հաճախ զինվորները ականատես էին լինում անմարդկային տեսարանների:

«Ուժեղ տրավմաների հետեւանքով զինծառայողների մոտ կարող են առաջանալ քնի խանգարումներ, գլխացավեր, մղձավանջային երազներ, տագնապներ, կպչուն մտքեր, ջղաձգումներ: Հոգեբույժը հետտրավմատիկ սթրեսային խանգարում ախտորոշումը դնում է միայն այն դեպքում, երբ  խանգարումները դրսևորվում են տեւական ժամանակահատված: Այն, իհարկե, բոլորի մոտ կարող է չառաջանալ: Եվ ինչպես ցանկացած սթրես, այս դեպքում եւս արձագանքը կարող է լինել տարբեր: Որոշները արձագանքում են ագրեսիայով, որոշները  խուսափողական ռեակցիա են ցուցաբերում, վերանում են «այստեղ ու հիմայից», որոշների մոտ կարող է կախվածություն առաջանալ ալկոհոլից, թմրանյութերից կամ համացանցից»,- ասաց Հայկ Բաղդյանը:

Հոգեբանի խոսքով՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումը ժամանակ առ ժամանակ կարող է սրվել, առաջ բերել ինքնասպան լինելու ցանկություն. «Կպչուն մտքերը պարբերաբար կարող են կրկնվել և ազդել ընտանիքի անդամների, ընկերների հետ փոխհարաբերությունների վրա: Շատ զինվորների մոտ խարխլված է բազային ապահովության զգացումը, ընդհուպ՝ կարող է դրսևորվել ընտանիքի անդամների նկատմամբ բացարձակ անվստահություն»:

Ըստ հոգեբանի՝ նման սրությամբ սթրեսներից խուսափելու համար մինչև ռազմաճակատ մեկնելը զինծառայողների հետ պետք է հոգեբաններ աշխատեին: Զինծառայողները պետք է հոգեբանորեն պատրաստ լինեին մարտի դաշտում դաժան տեսարաններ տեսնելու: Իսկ այսօր նրանց պատմածներում երևում են ոչ միայն պատերազմի տեսարաններ, այլև սեփական կյանքի նկատմամբ վախ, ուժեղ մեղքի զգացում մահացած ընկերների, պարտության համար:

«Զինծառայողների հետ իրականացվող հոգեթերապեւտիկ աշխատանքների ժամանակ հիմնականում հողակցող, ռելաքսացիոն, շնչառական վարժություններ ենք անում: Աշխատանքների ընթացքում պետք է ստեղծել ապահով միջավայր, որ զինվորները կարողանան հանգիստ խոսել իրենց հուզող հարցերի մասին: Հետեւաբար հոգեբաններս առաջնային օգնություն ենք ցույց տալիս հենց այն պատճառով, որ կարողանանք կանխել հետագա բարդությունները, քանի որ սկզբում կարող է թվալ, թե ամեն ինչ լավ է, բայց բարդությունները կարող են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց նկատվել: Այսօր մեր հասարակության մոտ էլ կարելի է նկատել նման տագնապային վիճակ, ապահովության զգացումը խարխլված է, մարդիկ նյարդային են դարձել, ռիսկային խմբում են նաև զոհված զինծառայողների ծնողները, նրանց էլ պետք է օգնություն ցուցաբերել»,- ընդգծեց հոգեբանը:

Հարցին, թե ի՞նչ պետք է անել այն դեպքում, երբ զինծառայողը չի ցանկանում դիմել  մասնագետի օգնությանը, հոգեբանը պատասխանեց. «Իրականում, այո՛, կան զինվորներ, որ չեն ցանկանում աշխատել հոգեբանների հետ, բայց այս դեպքում պետք է համոզել նրանց, որովհետեւ հետեւանքները կարող են շատ ավելի վատ լինել: Սկզբում որոշակի ժամանակահատված կարելի է հանգիստ թողնել նրանց, բայց այնպես անել, որ խոսեն որեւէ մեկի հետ: Ընտանիքի անդամները պետք է ավելի հանդուրժող լինեն, շատ չխոսեն, հարցեր չտան, համբերատար սպասեն: Երբ մարդը գիտակցում է՝ կողքին ունի մարդկանց, որ դժվար պահերին էլ իր կողքին են, նա կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն»:

Հոգեբանի կարծիքով՝ միանշանակ հնարավոր է հաղթահարել սթրեսը, թեպետ հիշողությունները կարող են դեռ երկար մնալ: Պետք է կարողանալ ապրել այդ հիշողությունների հետ, իմաստավորել կյանքը. ահա սա է հաղթահարման ամենաբարդ փուլը: Հետտրավմատիկ սթրեսներից ազատվելու համար շատ կարևոր է լցնել առօրյան, զբաղվել սպորտով: «Կյանքին ասել այո» գրքի հեղինակ Վիկտոր Ֆրանկլը 3 տարի գտնվեց համակենտրոնացման ճամբարում, անցավ նաեւ սովի, ցրտի, ցավի միջով, բայց նա չկոտրվեց, նոր թերապեւտիկ ուղղություն ստեղծեց, 67 տարեկանում լեռնագանցությամբ էր զբաղվում, ինքնաթիռով թռչել սովորում. «Հիմա մեր ամենակարեւոր խնդիրը ռազմարդյունաբերությունը զարգացնելուն զուգընթաց պետք է լինի պատերազմին հոգեբանորեն պատրաստվելը, քանի որ հաղթում ու ապրում են նրանք, ովքեր կարողանում են իրենց մեջ տանել հաղթանակը»: