• Thu. Jan 28th, 2021

Կհաղթենք, երբ կսովորենք ազգային նպատակներ դնել ու իրականացնել

Առաջիկա օրերին ես կներկայացնեմ մեր ջոկատի տղաներից ոմանց՝ իրենց պատմություններով: Այս տղաները մասնակցեցին մարտերի, իրենց դիրքերում անսասան մնացին ականանետի, տանկի, ՏՌ-107-ի, սմերչի հարվածների ներքո, բարելավեցին մեր դիրքերը Խծաբերդի ուղղությամբ և պատվով հանձնեցին հերթափոխը նոյեմբերի 30-ին։ Ֆեսբուքի իր էջում գրում է Արցախում գործող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։

«Սիրելինե՛ր, Հոկտեմբերի 14-ից գտնվում եմ Հադրութի շրջանի Խծաբերդի ենթաշրջանում՝ նպատակ ունենալով օգնել աշխարհազորի կազմակերպմանը: Տարբեր կապերի միջոցով շատ արագ հաջողվեց զինել Հադրութի տարբեր գյուղերի տասնյակ բնակիչների և կազմավորել ռազմական ստորաբաժանում, որը նոր որակի բերվեց մի քանի օր անց, երբ Ստեփանակերտից տեղ հասան զինվորական փորձառություն ունեցող ընկերները:

Առաջին շաբաթվա ընթացքում մենք տեսնում էինք անկանոն փախչող պահեստազորայիններ և կանոնավոր փախչող ստորաբաժանումներ, իրավիճակին չտիրապետող ուղղության հրամանատարություն:

Հոկտեմբերի 15-ից ես խնդրում էի ԱՀ և ՀՀ իշխանություններին Կոռնիձոր-Խծաբերդ-Հադրութ ճանապարհի մոտով նոր ուղղություն ձևավորել: Հոկտեմբերի 21-ին ձևավորեց Բերձորի պաշտպանության համար ուղղությունը՝ գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ:

Ուղղությունն ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները: Խծաբերդ-Խանձաձոր ուղղությամբ տեղակայվեց ՊԲ ստորաբաժանում՝ մայոր Գարրի Աբրահամյանի հրամանատարությամբ: Ուղղության ձևավորումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար: Մեր ջոկատը Գ.Աբրահամյանի ստորաբաժանումների, հետախուզական գումարտակի տղաների հետ մասնակցություն ունեցավ թշնամուն զսպելու և որոշ կարևոր բարձունքներ ազատագրելու գործում:

Ես շնորհակալ եմ Թաղասեռ, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի բնակիչներին՝ ինձ վստահելու և կարևոր գործ կատարելու համար:

Առաջիկա օրերին ես կներկայացնեմ մեր ջոկատի տղաներից ոմանց՝ իրենց պատմություններով: Այս տղաները մասնակցեցին մարտերի, իրենց դիրքերում անսասան մնացին ականանետի, տանկի, ՏՌ-107-ի, սմերչի հարվածների ներքո, բարելավեցին մեր դիրքերը Խծաբերդի ուղղությամբ և պատվով հանձնեցին հերթափոխը նոյեմբերի 30-ին:

45 օրվա մեջ այս հատվածում ես հանդիպեցի տարբեր լավ մարդկանց՝ եկած ՀՀ տարբեր մարզերից, Քաշաթաղի տարբեր համայնքների կազմակերպված խմբերի՝ շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի մասնակցությամբ: Մեր ջոկատին օժանդակում և օգնում էին բազմաթիվ մարդիկ տարբեր վայրերից, որոնց նույնպես ընթացքում կանդրադառնամ:

Պատերազմներում պարտվում են կամ հաղթում: Ինչու՞ պարտվեցինք: Որովհետև բավարար չափով չէինք սիրում մեր Հայրենիքը և չգիտեինք ազգային նպատակներ դնել ու հասնել դրանց իրագործմանը: Կհաղթենք, երբ բավարար չափով կսիրենք Հայրենիքը և կսովորենք ազգային նպատակներ դնել ու իրականացնել»,-գրել է Հայկ Խանումյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 16
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 16
  •