• Sun. Jan 24th, 2021

Մշակույթի գործիչները այսօր էլ նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատուն

Byhttp://Mitk.am

Dec 1, 2020

Արդեն մի քանի օր է՝ արվեստի գործիչներ, անհետ կորած համարվող և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներ երթեր են իրականացնում Հայաստանում գտնվող այլ երկրների դեսպանատներ: Նրանք նամակներ են փոխանցում դեսպանատներին՝ հույս ունենալով, որ այդ երկրները կարող են նպաստել, որ Ադրբեջանը կատարի իսկ պարտավորությունները, որոնք ստանձնել է եռակողմ հայտարարությամբ:

Անցած երկու օրերին նրանք արդեն իսկ նման նամակներ են հանձնել Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի դեսպանատներին, իսկ այսօր՝ ԱՄՆ դեսպանատանը: Նախաձեռնության համակարգողները նախորդ օրերին լրագրողների հետ զրույցում նշել էին, որ մասնավորապես հանձնվում են այս երկրների դեսպանատներին, քանի որ նրանք Մինսկի խմբի անդամներ են և կարող են առանցքային դեր ունենալ զոհվածների աճյունների դուրսբերման և գերիների վերադարձման գործում:

Հիշեցնենք, որ նախաձեռնության մասնակիցները Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ էին գնացել երթով, իսկ դեպի ԱՄՆ դեսպսանատուն երթ չեղավ․ նախապես հայտարարվել էր, որ նախաձեռնությանը միանալ ցանկացողները կարող են ժամը 13:00-ին հավաքվել հենց դեսպանատան դիմաց:

Դերասան Հրանտ Թոխատյանը, որն այս նախաձեռնության համակարգողներից է, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նամակը հանձնել են Միացյալ Նահանգների դիվանագիտական կորպուսի ներկայացուցչներին և խնդրել, որ նամակին տան պատասխան։ «Ասացին՝ դեսպանը ծանոթանալուց հետո կտանք պատասխան»,- նշեց Թոխատյանը:

Դերասանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այստեղ հավաքված են մարդիկ, որոնք փորձում են վերադարձնել իրենց հարազատներին. «Գոնե այս հարցում չի կարող լինել որևէ ուղղորդվածություն, հարգելիներս: Սա հրատապ հարց է, որը հուզում է բոլորիս: Հուզում է նաև լրագրողներին: Կա՞ արդյոք հանրապետությունում մեկ հոգի՝ այդ հարցով չմտահոգվի, որ մեր գերիները օր առաջ վերադառնան»:

Խոսելով հետագա անելիքների մասին՝ Հրանտ Թոխատյանն ասաց, որ պիտի սպասեն դեսպանատներից արձագանքներին. «Հիմա մեր կապը մնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցչի գրասենյակի հետ և այդպես փորձելու ենք իրենց օգտակար լինել իրենց աշխատանքում, ինչով կարող ենք: Դրանք կլինեն մեր հետագա քայլերը»,- ասաց դերասանը:

Հրանտ Թոխատյանը ակցիայի ավարտին կրկին շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ հետագա քայլերի մասին տեղեկացնել բոլորին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •