• Sun. Jan 24th, 2021

Նախապատրաստո՞ւմ է ՀԱՊԿ ռազմավարական «մուտքը» ռեգիոն

Անհրաժեշտ է կազմել ահաբեկչական կազմակերպությունների ՀԱՊԿ միասնական ցուցակ, այդ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Միաժամանակ, վեհաժողովի առիթով ՌԴ նախագահ Պուտինն իր ուղերձում խոսել է այն մասին, որ կարևոր է ներդաշնակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրության կազմակերպության անդամ երկրների օրենսդրությունը թմրանյութերի ապօրինի վաճառքի, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի համար։

Այլ կերպ ասած, նկատելի է, որ Ռուսաստանը ծրագրում է ՀԱՊԿ երկրների առաջ դնել հակաահաբեկչական պայքարի մոնոլիտի հարց, միասնական դաշտ բերելով ահաբեկչական կազմակերպությունների գնահատման ստանդարտներ, ներդաշնակեցնելով դրանք թե՛ միասնական ցուցակով, թե միասնական օրենսդրությամբ: Ռուսաստանի այդ նախաձեռնությունը հատկանշական է արցախյան պատերազմի ֆոնին, երբ 44-օրյա պատերազմը ձևավորեց ռեգիոնալ նոր իրողություններ Կովկասում, որը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է՝ Հայաստանի ներառմամբ: Այդ գոտում ձևավորվել է նոր ստատուս-քվո, այդ թվում՝ ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում՝ Բաքվի ստորագրությամբ: Ընդ որում, այդ առնչությամբ Բաքվում արդեն իսկ կան դժգոհության ձայներ, որ տանուլ են տվել Արցախը Ռուսաստանին: Այն, որ Մոսկվան մտել է Արցախ դուրս չգալու և ընդլայնվելու ռազմավարական հեռանկարով, կասկածից վեր է: Այդ համատեքստում էլ Բաքվում, թերևս, նոր դժգոհության ու մտահոգության առիթ կտա ՀԱՊԿ շրջանակում ՌԴ նախաձեռնությունը՝ հակաահաբեկչական պայքարի միասնական ստանդարտների և օրենսդրության, միասնական ցուցակի առումով:

Բանն այն է, որ Արցախի դեմ պատերազմում դրա սանձահարող Թուրքիան ներկրել էր նաև ահաբեկիչների մերձավորարևելյան շրջաններից, Սիրիայում թուրքամետ ահաբեկչական կազմակերպություններից: Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների համար Ռուսաստանին ՀԱՊԿ միասնական ցուցակ, միասնական օրենսդրություն պետք չի եկել: Մոսկվան Սիրիայում գործել ու գործում է միայնակ: Ըստ այդմ, միասնական ՀԱՊԿ ցուցակի ու ստանդարտների հարցը Ռուսաստանին անհրաժեշտ է այլ ուղղությունների, կամ ուղղության համար՝ Կովկասի կամ Ադրբեջանի: Այդտեղ ռազմավարական հաստատման՝ ռուս խաղաղապահների տեղակայման հարցը Մոսկվան լուծել է, այժմ, թերևս, նախապատրաստում է ՀԱՊԿ ռազմավարական «մուտքը» ռեգիոն: Ի դեպ, դա հետաքրքիր է այն իրողության ֆոնին, որ Ռուսաստանը տևական ժամանակ ակնկալում էր Ադրբեջանի ներառում ՀԱՊԿ: Այստեղ հասկանալի են խնդիրները՝ կապված Հայաստանի հետ:

Միաժամանակ, նաև Բաքուն դնում էր պայման՝ տարածքների վերադարձի ապահովում: Ռուսաստանի համար այդ պայմանը ուներ հասկանալի բարդություն՝ Երևանի առումով: Պատերազմը Արցախում փաստորեն «բավարարեց» Ադրբեջանի «պայմանները» ՀԱՊԿ մտնելու առումով, իհարկե անուղղակի: Այժմ, սակայն, Բաքուն երևի թե չունի ՀԱՊԿ անդամակցելու մոտիվացիա, կամ առավել ևս թույլտվություն Անկարայից: Այստեղ է, որ Ռուսաստանի մտադրությունները՝ հակաահաբեկչական կազմակերպությունների միասնական ցանկի և միասնական օրենսդրության մասին, բավականին մարտահրավերի տոն են ստանում թե՛ Բաքվի, թե՛ Թուրքիայի հանդեպ: Մոսկվան, ըստ ամենայնի, անցնում է նոր փուլի կամ նոր խնդրի՝ Բաքվին իր պայմաններով ներառել ՀԱՊԿ շրջանակ, կախելով հակաահաբեկչական դագանակը և դնելով դիլեմա՝ կա՛մ Ադրբեջանը կգա ՀԱՊԿ, այդպիսով ՌԴ-ն ավելի կընդլայնի ազդեցությունը, կա՛մ ՀԱՊԿ-ը կմտնի Ադրբեջան՝ հակաահաբեկչական մտադրություններով: Ի դեպ, այստեղ, նախորդ կամ նախապատերազմական իրավիճակից տարբերվող, սակայն ոչ պակաս էական դեր է ստանձնում և աշխատանքային հնարավորություն ստանում Հայաստանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •