• Sun. Jan 24th, 2021

Պուտինն անձամբ զբաղվում է վերադարձի՞ խնդրով, թե՞ հակառակը, ինչպես հայտնել է Աբրահամյանը

«Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Արա Աբրահամյանի խոսքը վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, նրանց վերադարձի խնդրին:

Փաստացի ստացվում է, որ ՌՀՄ նախագահը այդ խնդրում հետագա պատասխանատվությունը դնում է ՌԴ նախագահի վրա, երբ հայտարարում է, որ Պուտինն անձամբ է զբաղվում այդ հարցով: Այստեղ անշուշտ երկակի վիճակ է, որովհետև հայաստանցի ռազմագերիների հարցով պետք է զբաղվի Հայաստանի կառավարությունը: Ընդ որում, այդ հարցադրումը բարձրացնում են նաև Հայաստանում այս օրերին բողոքի ակցիա իրականացնող տարբեր խմբեր, որոնք փորձում են, այսպես ասած, առաջնորդել հարազատների բողոքը: Հատկապես աշխույժ փորձ են անում մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչները, որոնք նաև անցկացնում են տարբեր դեսպանատներ իրականացվող երթեր՝ հայ ռազմագերիների հարցի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:

Ստացվում է, որ այդ ամենն այլևս իզուր է ու ավելորդ, համենայնդեպս այն պարագայում, որ ռազմագերիների հարցով զբաղվում է անձամբ Պուտինը, ինչպես հավաստիացնում է Արա Աբրահամյանը: Հազիվ թե որևէ մեկը լինի Պուտինից ավելի ազդեցիկ ու զորեղ՝ այդ հարցում: Եթե, իհարկե, Հայաստանի արվեստի, մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ կասկածի տակ չեն դնում այդ հանգամանքը: Եթե չեն դնում, ապա ստացվում է, որ պետք է դադարեցնեն այլևս այդ ակցիաները, որովհետև անձամբ Պուտինը արդեն զբաղվում է այդ հարցով: Դադարեցնեն ու սպասեն Պուտինի գործունեության արդյունքին:

Եթե Հայաստանի կառավարությունը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ իրողություններից ելնելով, չի կարող արդյունավետ զբաղվել այդ խնդրով, ապա հանրությունը կտա դրա գնահատականը, և եթե ակցիաների առաջնորդողներին հետաքրքիր է ոչ թե կառավարության դեմ քաղաքական բողոքի գեներացիան, այլ իրապես ռազմագերիների խնդիրը, ապա նրանք պետք է իսկապես դադար տան և սպասեն, թե ինչպես է զբաղվում Պուտինը: Առավել ևս, որ իրենք էլ կարծես թե օգնության կոչով դիմում էին Ռուսաստանին:

Արա Աբրահամյանը փաստորեն հայտնում է, որ Պուտինը լսել է նրանց և զբաղվում է անձամբ: Իհարկե, հնարավոր է այստեղ կա ճշգրտման կարիք՝ Պուտինն անձամբ զբաղվում է վերադարձի՞ խնդրով, թե՞ հակառակը՝ այդ խնդրով Հայաստանում կառավարության հանդեպ բողոքի ակցիաների կազմակերպման խնդրով:

Բանն այն է, և ինչպես նկատել էր օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ Ադրբեջանը ակնհայտորեն խաղում է այդ խնդրի վրա, մի կողմից՝ տարբեր անմարդկային տեսանյութերով խաղալով հարազատների ցավի ու կսկիծի վրա, մյուս կողմից՝ հեռվից հրահրելով Հայաստանում այդ առնչությամբ քաղաքական բողոքի հեռուն տանող առիթներ, թույլ չտալով Հայաստանում իրավիճակի կայունացում և նոյեմբերի 9-ի փաստաթղթի շուրջ զգայականությունից դուրս իրավական եզրեր շոշափող քաղաքական բանավեճ ու քննարկումներ, որոնք միայն կուժեղացնեն Հայաստանն ու Արցախը, ընդ որում՝ այդ թվում ռազմագերիների վերադարձի հարցում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •