• Sun. Jan 24th, 2021

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը

Ադրբեջանի կառավարությունը սահմանված ժամկետում տեղեկություններ չի տրամադրել իր տիրապետության ներքո գտնվող հայ ռազմագերիներից 9-ի եւ նրանց փոխանակման վերաբերյալ։

Վերջիններիս իրավունքների պաշտպանության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր դիմել ՀՀ կառավարությունը։ Նոյեմբերի 20-ին Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը հայտնել էր, որ դատարանը, բավարարելով հրատապ միջոց կիրառելու իր դիմումը, պահանջել է, որ Ադրբեջանը մինչեւ նոյեմբերի 27-ը տեղեկություններ հայտնի այդ 9 ռազմագերու առողջական վիճակի, պահման պայմանների մասին՝ միաժամանակ նշելով նրանց փոխանակման ուղղությամբ ձեռնարկված եւ ձեռնարկվելիք քայլերի մասին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը դատարանին խնդրել է երկարաձգել այդ ժամկետը մինչեւ դեկտեմբերի 4-ը։ «Ադրբեջանի կառավարությունը որպես երկարաձգման պատճառ նշել է պանդեմիան եւ ռազմական դրությունը, ինչը առնվազն զավեշտ է»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ դրա առիթով ՀՀ կառավարությունն իր վրդովմունքն արդեն հայտնել է դատարանին։

Կիրակոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը փոխանակումը ձգձգելու միտում ունի․ «Բայց մենք բոլոր հնարավոր եղանակներով պետք է փորձենք ապահովագրել մեր քաղաքացիների իրավունքները»։

Եղիշե Կիրակոսյանը ճիշտ չհամարեց նշել գերիների հաստատված հստակ թիվ, միայն ասաց, որ այն անձանց թիվը, որոնց գտնվելը Ադրբեջանական իշխանության ներքո որեւէ ապացույցով հաստատվել է, հասնում է մի քանի տասնյակի։ Նրանց մի մասը շահերը դատարանում ներկայացնում է ՀՀ կառավարությունը, մի մասինը՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Հավելենք, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հաղորդված վերջին տվյալներով՝ ռազմագերիների թիվը շուրջ 60 է, որոնց միայն մի փոքր մասի ինքնությունը առայժմ չի հաջողվել պարզել։ Ներկալված եւ բռնի անհետացած քաղաքացիական անձինք, ըստ Բեգլարյանի, շուրջ 40-ն են։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •