Ադրբեջանը հայտարարել է, թե Ղարաբաղում պատրաստվում է կառուցել տեխնոլոգիական պարկեր, կենտրոններ, ինչի առնչությամբ արդեն համաձայնագիր են ստորագրել թուրքական GOSB տեխնոպարկի հետ: Ղարաբաղ ասելով խոսքն ըստ երևույթին այն տարածքների մասին է, որ պատերազմի ընթացքում Արցախում օկուպացրել է Բաքուն:
Ալիևը պատերազմի դադարից անմիջապես հետո հայտարարում է քաղաքացիական, տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ինտենսիվ նախագծերի և շինարարության մասին: Թե այդ հայտարարությունների որ մասն է քարոզչություն, իսկ որը՝ իրագործվելիք քաղաքականություն, բարդ է ասել. Ալիևի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները պատերազմով չեն ավարտվել, դրանք ստացել են պարզապես այլ բնույթ:
Մյուս կողմից՝ ակնառու է, որ Ադրբեջանն այդ ամենը դիտարկում է արդեն տնտեսական պատերազմի համատեքստում, և այդ իմաստով արցախյան լայնամասշտաբ երկրորդ պատերազմից հետո Բաքուն ձեռնամուխ է լինում փաստորեն տնտեսական երկրորդ պատերազմին: Առաջինի դեպքում, պարտված լինելով ռազմադաշտում, խաղաղության տնտեսական պատերազմում Բաքուն փաստորեն հաղթեց՝ դնելով այդ հաղթանակը իր փաստորեն ապագա ռազմական հաղթանակի հիմքում: Այդ հաղթանակից հետո Ադրբեջանը փաստորեն Հայաստանին՝ ներառյալ Արցախը, թելադրում է տնտեսական երկրորդ պատերազմը:
Առայժմ, սակայն, Հայաստանում նշույլն իսկ չի երևում, թե մենք գնում ենք կամ պատրաստվում ենք դրան: Հայաստանում ներքաղաքական պայքար է, ոչինչ ավելի: Անգամ որակի և բովանդակության աճ այդ պայքարը չունի: Այսինքն՝ ակնհայտ է, որ մենք առնվազն ժամանակ ենք կորցնում: Սրան զուգահեռ՝ առկա է նաև տնտեսական պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստը: Այդ իմաստով հատկանշական է, որ Բաքուն գործակցում է Թուրքիայի հետ:
Բանն այն է, որ առաջին տնտեսական պատերազմում Հայաստանի պարտությունը նաև Ռուսաստանի տնտեսական պարտությունն էր, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ Մոսկվան հրաժարվեց մասնակցել առաջին տնտեսական պատերազմին: Կհրաժարվի՞ նաև երկրորդին մասնակցելուց, թե՞ Թուրքիայի հանգամանքը կխթանի, որ Մոսկվան իր հերթին մտածի Արցախում ոչ միայն ռազմական ներկայությամբ բավարարվելու, այլ նաև տնտեսական մրցակցության մեջ մտնելու մասին:
3
3