• Thu. Jan 28th, 2021

Իմ քայլի պատգամավորն ամոթանք տվեց խմբակցությունը լքող պատգամավորներին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ամոթալի որակեց «Իմ քայլը» խմբակցությունը լքող պատգամավորների արարքը։

«Այն պատգամավորները, ովքեր խմբակցությունն են լքում և մանդատը վայր են դնում, ինչ-որ տեղ հասկանալի է։ Իսկ նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, շատերն էլ ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային, օգտագործելով այդ քաղաքական իրավիճակը՝ դարձել են պատգամավոր և վայր չդնելով մանդատը՝ առանձնանում են, ես դա համարում եմ շատ ամոթ երևույթ այդ պատգամավորների համար։ Փաստորեն ստացվում է, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր։ Եթե այլ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, ես վստահ եմ, որ նրանք վայր չէին դնի մանդատը, կգովաբանեին ու ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության մասին։ Բայց երբ դժվար իրավիճակ է լինելու, և մարդիկ ասում են՝ մենք լավ իրավիճակի ընկեր ենք, դժվար իրավիճակի ընկեր չենք, նման ընկեր չի լինում»,- ասաց Խաչատրյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վիտալի Բալասանյանի՝ Արցախի ԱԽ քարտուղար նշանակվելուն, նշեց, որ դա գուցե կոնսոլիդացիա է։

«Ճիշտն ասած՝ ձեզնից տեղեկացա, որ Արայիկ Հարությունյանը նման որոշում է կայացրել, և նշանակավել է: Դեռևս լրատվամիջոցներից չեմ տեղեկացել, չեմ հասցրել։ Սակայն եթե նշանակվել է, նշանակում է՝ Արցախի Հանրապետության նախագահը այդպես է նպատակահարմար համարել, եւ գուցե այդ ձեր նշած կոնսոլիդացիային, համախմբումներին և հանրային հաշտության գալուն ուղղված միջոցառում է։ Կարծում եմ, որ, այդ նպատակներից ելնելով, Արայիկ Հարությունյանը նման որոշում է կայացրել»։

Հիշեցնենք, որ, այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ, Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար։ Նշանակման կապակցությամբ նախագահ Հարությունյանն ընդունել է Վիտալի Բալասանյանին: Քննարկվել են ստեղծված իրավիճակի հաղթահարման և հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը վերաբերող հարցեր:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •