ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից զոհվածների մարմինների եւ ռազմագերիների փոխանակման միտումնավոր ձգձգման գործողություններ չի նկատում: Նա ասել է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք կապված են ռազմագործողությունների ռելիեֆի, ցուցակների եւ այլնի հետ:
Դրանից հետո Երեւանում ՌԴ դեսպանատունը հայտարարեց, որ գերիների ու անհայտ կորածների խնդիրը գտնվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ նրանց հարազատներին ուղղորդեց ՀՀ ՊՆ: Իսկ Բաքուն էլ հայտարարեց, որ կողմ է գերիների փոխանակմանը բոլորը բոլորի հետ սկզբունքով:
Նոյեմբերի 9-ից հետո իրադարձությունները եւ այս հայտարարությունները վկայում են, որ ինչպես սահմանների «դեմարկացիայի», այնպես էլ զոհվածների, անհայտ կորածների եւ գերիների վերադարձի հարցը ռուս-թուրքական տիրույթում է: Այն պետք էր ձգձգել, Ռուսաստանի եւ անձամբ Պուտինի միջամտության անայլընտրանքության գաղափարն արմատավորելու համար: Ռուսաստանը պետք է հանդես գա փրկչի դերում բոլոր պարագաներում, տվյալ դեպքում զոհվածների, անհայտ կորածների եւ գերիների հարազատների զգացմունքներն ու արդարացի պահանջները դրան ծառայեցնելու փորձերով, հայաստանցի մտավորականների ու մոսկվացի ԿՎՆ-ի խեղկատակների՝ բեսսմերտնի պոլկի ներմուծումով:
Լավրովի եւ ՌԴ դեսպանատան հայտարարությունից հետո մտավորականները դադարեցրին իրենց ամոթալի երթերը: Չնայած երթերի ժամանակ հավաքվածների միջից ակնհայտ ուղղորդված հարցազրույցներին, հնչում էին նաեւ սթափ, ինքնաբուխ հայտարարություններ: Հայ ինքնության կոդի, զոհերի հանգամանքը «զրոյացնելու» փորձերը հակառակ արդյունք էլ ունեն, եւ երեւի դրա համար է Լավրովը հերքում միտումնավոր ձգձգելը եւ արդարանում օբյեկտիվ դժվարություններով:
Մոսկվան փրկչի իր դերի ձգտումներում, լիովին ստանձնեց նաեւ այս հարցի ձգձգման պատասխանատվությունը:
1
1