• Thu. Jan 28th, 2021

Կովկասի բաժանումը ոչ թե ավարտվել է, այլ սկսվել է նոր բաժանում

Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալիևը նախօրեին ուղերձով դիմել է ադրբեջանցիներին, որում հայտարարել է, թե արցախյան հակամարտությունն այլևս չկա, պատմություն է, իսկ արցախցիները՝ Ադրբեջանի քաղաքացիներ:

Ալիևի հայտարարության, այսպես ասած, իրավա-քաղաքական ասպեկտներին՝ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համատեքստում, անդրադառնալու առիթ դեռ կլինի, և առաջիկայում կփորձենք դիտարկել նրա այդ հայտարարությունը համաձայնագրի, ըստ այդմ՝ դրա համար պատասխանատուների, այդ թվում՝ թե՛ պաշտոնական Երևանի և թե՛ ՌԴ նախագահի դերակատարման և պատասխանատվության համատեքստում: Այստեղ շերտերը շատ են և բավականին բազմաբնույթ, ինչի մասին խոսում է հենց Ալիևի հայտարարությունը, թե արցախցիները Ադրբեջանի քաղաքացիներ են: Այդ հայտարարությունը մի կողմից ունի ներքին սպառման նպատակ, քանի որ Ադրբեջանում արդեն որոշ շրջանակներ և քաղաքական ընդդիմությունը սկսել են հասկանալ, որ իրականում տեղի է ունեցել այն, որ Ռուսաստանը ռազմակայան է ձեռք բերել Արցախում՝ դե ֆակտո, ոչ թե Ադրբեջանն է «ձեռք բերել» «քաղաքացիներ», մյուս կողմից այն որոշակիորեն ակնարկ է ուղղված Ռուսաստանին:

Բանն այն է, որ նոյեմբերի 9-ից հետո շրջանառվում են տարբեր տրամադրություններ արտահայտող խոսակցություններ, այդ թվում և այն, որ Արցախի բնակչությունը կարող է ստանալ ռուսական անձնագրի հնարավորություն: Արցախում ամրանալու ռուսական ռազմավարության համատեքստում դա կարող է լինել միանգամայն դիտարկվող հեռանկար: Իսկ դա լրջորեն անհանգստացնում է Ալիևին, որովհետև հեռանկարում իրականացվելու դեպքում կամ նշանակելու է բաց առճակատում ՌԴ հետ՝ իսկ Բաքուն անգամ Թուրքիայի աջակցությամբ դա չի ուզենա, կամ նշանակելու է Ադրբեջանի հանրության հետ խնդիրների նոր բռնկում՝ «հաղթանակով» կերակուրը այլևս կդառնա անպիտան: Կրկնենք, առավել ևս, որ դրա «արհեստական» համն ադրբեջանական ընդդիմությունն արդեն ազդարարում է: Քաղաքագետ Արկադի Դուբնովը հայտարարել է, որ իր հավաստի աղբյուրի տեղեկությամբ, նոյեմբերի 9-ի համաձայնագրով ռուս խաղաղապահների տեղակայումը չի ունեցել 5 տարվա ժամկետային սահմանում, այլ կերպ ասած՝ եղել է անժամկետ: Ըստ Դուբնովի՝ Էրդողանի միջամտությամբ է Ալիևը հասել 5 տարի ժամկետային սահմանափակման: Ինչպես հայտնի է, համաձայնագրով նախատեսված է, որ ռուս խաղաղապահները Արցախի շփման գծի երկայնքով ու Լաչինի միջանցքով կանգնում են 5 տարի, և, եթե կողմերից որևէ մեկը չի առարկում այդ ժամկետի լրանալուց մինչև 6 ամիս մնացած ժամանակահատված, ապա ժամկետը ինքնաբերաբար ավելանում է ևս 5 տարով: Ադրբեջանում հնչում են բողոքի ձայներ, այն առնչությամբ, որ պատերազմն իրականում հաղթել է Մոսկվան: Ընդ որում՝ այն, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Բաքուն չի կարող լինել հաղթող՝ եթե անգամ չպարտվի էլ, անդրադարձել եմ տարիներ ի վեր: Ընդ որում, այդ հանգամանքը պետք է լիներ Ալիևի ողջախոհության հիմք պատերազմ չսկսելու համար, որովհետև այն ավարտվելու էր Բաքվի ռազմավարական պարտությամբ: Սեպտեմբերի 27-ի պատերազմը դրանով էլ ավարտվել է:

Ալիևը, իհարկե, մարտավարական մխիթարություն է գտել՝ վերցնելով տարածքներ, բայց պարզ չէ, թե ո՞ւմ են դրանք հասնելու և մնալու ի վերջո: Այդ իմաստով, Կովկասի բաժանումը ոչ թե ավարտվել է, այլ սկսվել է նոր բաժանում:

Մի բան, թերևս, հստակ է՝ դրանք չեն հասնելու Ալիևին: Ավելին, Ալիևը ինքը, թերևս, չի էլ հասնելու չորսուկես տարի անց ռուսական խաղաղապահ ներկայությանը առարկել-չառարկելուն: Եթե, իհարկե, հասնի Ադրբեջանը ընդհանրապես: Ռուսաստանն Ալիևի ստորագրությամբ Արցախ չի մտել, որպեսզի կախված լինի այնտեղից Ալիևի մեկ այլ ստորագրության հետևանքով դուրս մնալուն: Ըստ այդմ, սահմանափակելով ռուս խաղաղապահների տեղակայումը հնգամյա ժամկետով՝ անժամկետի փոխարեն, Ալիևը, թերևս, սահմանափակել է իր ժամկետները, և գուցե Ադրբեջան անվանվող պետության ժամկետները՝ ներկայիս տեսքով: Ռուս խաղաղապահների ժամկետի սահմանափակում մտցնելով, Ալիևը կամ Էրդողանը կամա, թե ակամա միացրել են թերևս ներկայիս տեսքով Ադրբեջան պետության գոյության հետհաշվարկը: Պետք է սկսել այդ հետհաշվարկի համատեքստում Հայաստանի ռազմավարական հաշվարկների կառուցումն ու նախապատրաստումը, ընդ որում՝ պատրաստ լինելով ապագա ցանկացած պատերազմի, բայց սցենարային դիապազոնում էական նշանակություն տալով նաև ապառազմական մեխանիզմների և գործիքների կենսունակությանը: Ռեգիոնալ հաջորդ բաժանումը կարող է տեղի ունենալ առանց մասշտաբային պատերազմի, առավելագույնը մոբիլ բլիցկրիգների միջոցով՝ ապահովելով տնտեսա-քաղաքական մրցակցող սխեմաների առաջխաղացում:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •