• Thu. Jan 28th, 2021

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ ապրելու եւ Արցախն ապրեցնելու

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը տեղափոխվում է ապրելու Արցախ։ Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել։

«Մեր երկիրն այսօր ապրում է մեր պատմության ամենածանր ժամանակներից մեկը։ Մեր ցավը խորն է ու ծանր, աներևակայելի՝ հերոս զինվորների ծնողների, հարազատների վիշտը․․․

Մեր հերոս տղաները իրենց կյանքը չեն խնայել Արցախի համար, ուրեմն՝ Արցախը պետք է ապրի, նաև մեր պարտքն է՝ ապրեցնել Արցախը։ Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք․․․ պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Այլապես, ի՛նչ իմաստ ունի մեր գոյությունը այսքանից հետո։

Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը սակայն դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի»։

Նա նշել է, որ ինչպես նախկինում հայտնել է, ունի առողջական խնդիրներ, որի բուժման նպատակով հոկտեմբերին պետք է մեկներ արտերկիր, սակայն պատերազմը շատերիս փոխարեն որոշումներ կայացրեց։

«Պատերազմի ավարտից անմիջապես հետո այցելեցի Արցախ։ Ծանոթանալով ստեղծված իրավիճակին՝ ինձ պարզ դարձավ, որ ընդհատում եմ բուժումս և տեղափոխվում ապրելու Արցախ։ Պարզապես ապրելու․․․

Այդ ժամանակ իմ իսկ նախաձեռնությամբ հանդիպել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, տեղեկացնելով, որ որոշել եմ տեղափոխվել Արցախ և պատրաստ եմ օգնելու Արցախին և Արցախի ժողովրդին ուժերիս ներածի չափով։ Արցախի նախագահը ուրախ էր դա լսել և խնդրեց դիտարկել մի քանի հնարավորություն։

Այսօր արդեն Արցախում եմ և հետագա անելիքներիս մասին հնարավորություն կունենամ տեղեկացնելու։ Սակայն վստահ եմ՝ ինչպիսի ձևաչափով էլ լինի, ինչ կարգավիճակում էլ լինեմ, արդեն որոշել եմ իմ առաջիկա անելիքը՝ ապրել և ապրեցնել Արցախը հայերեն․․․»,- գրառել է Թանդիլյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը, նախագահի մեկ այլ հրամանագրով, Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանրապետության նախագահն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև նորանշանակ նախարարին ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական ծանր ժամակաշրջանում՝ աշխատանքի առաջարկն ընդունելու համար:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •