• Sun. Jan 24th, 2021

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ նիստում խոսել է գերիների ու անհետ կորածների մասին

Արդեն երեք շաբաթ է՝ պատերազմական գործողությունները դադարեցված են, համակարտության գոտում տեղակայվել են ռուս խաղաղապահները, բայց մենք այսօրվա դրությամբ դեռ ունենք անհետաձգելի խնդիրներ։ Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ առաջինը գերիների, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումն է, անհետ կորածների ճակատագրի բացահայտումը։ Ըստ նրա՝ հայկական կողմը պատրաստ է ինտենսիվացնել քայլերն այդ գործընթացի արագացման և արդյունավետության բարձրացման համար։

«Դրա համար անհրաժեշտ է բացառել գերեվարված զինծառայողների և մյուս անձանց նկատմամբ բռնության կիրառումն ու նրանց արժանապատվության նվաստացումը»,- ասաց նա։

Երկրորդ խնդիրը, Փաշինյանի խոսքով, արցախցիների՝ իրենց տներ վերադարձի պայմանների ապահովումն է, Լեռնային Ղարաբաղում նորմալ կյանքի վերականգնումը։ «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց անվտանգություն ապահովված է և կարող են շարունակել ապրել իրենց հողի վրա։ Մի քանի տասնյակ հազար արցախցիներ արդեն վերադարձել են իրենց տներ։ Եվ մենք ներդնում ենք բոլոր ջանքերը, որպեսզի օգնենք ու աջակցենք մեր համերկրացիներին»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու հայ ժողովրդի կրոնական և մշակութային կոթողները, որոնք գտնվում են ադրբեջանական զորքերի կողմից վերահսկվող տարածքներում։

Բացի դա, ըստ Փաշինյանի, կարևոր է ապահովել տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգ շահագործումը։ Անհրաժեշտ է բացառել ցանկացած սադրանք։

«Իմ կողմից նշված կետերը, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, անհրաժեշտ են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար: Ռուսական խաղաղապահ առաքելությունը, որը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում ու Լաչինի միջանցքում, այսօր հանդիսանում է այս տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը։ Այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը»,- հավելեց նա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •