• Thu. Jan 28th, 2021

Որոշումները ցավոտ են, բայց անհրաժեշտ էին և շատ մեծ քաջություն էին պահանջում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից

Հայաստանն ու հայ ժողովուրդը վերապրեցին իրեն պատմության շատ բարդ ժամանակաշրջանը։ Եվ Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը ստիպված էին ընդունել բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։

«Ես պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց, կրկնում եմ, անհրաժեշտ էին և շատ մեծ քաջություն էին պահանջում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դա ակնհայտ փաստ է։ Այսօրվա ժողովին մասնակցող ցանկացած անձ հասկանում է նմանօրինակ որոշման կայացման պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Եվ մեր խնդիրն է, որ հիմա սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի և իրականացվեն բոլոր ընդունված որոշումները։ Պետք է օգնենք մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի բարդ պայմաններում»,- ասաց Պուտինը։

Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ այժմ հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը:

«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը կարևորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:

«Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշեց ՌԴ նախագահը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 25
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 25
  •