• Sun. Jan 24th, 2021

Առաջիկա 4-5 տարիներին մեզ իրավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում

Կարծում եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կբարձրացնի 1991 թվականի հանրաքվեով Ղարաբաղի անկախ ճանաչված տարածքների՝ Ադրբեջանի կողմից դեօկուպացիայի հարցը։ «Հոդված 3» ակումբի կողմից այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Ղազարյանի կարծիքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ Կառավարությանը հաջողվել է դատական երկու վարույթ հարուցել, որը ավելի շատ հովանոցային նշանակություն ունի։ Այսինքն՝ դրանով պետք չէ սահմանափակվել, եւ պետք է իրավական վեճի այլ «մարտադաշտեր» եւս նախաձեռնել։ «Անհատական գանգատները արդեն ոչ թե մասնավոր խմբերի կողմից են ներկայացվում, այլ Կառավարության, ընդ որում՝ թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց պրոֆիլներով, ինչը կարծես ավելի շատ հովանոցային վարույթ լինի, իսկ միջպետական գանգատի զարկը հետագայում շատ ավելի մեծ է լինելու, քան անհատական գանգատների ամբողջությունը: Այս իմաստով Կառավարությունը բավականին հաջողությամբ գործընթացը մեկնարկել է»,- ասաց նա։

Ղազարյանի խոսքով՝ անհատական խմբերը զբաղված են նաեւ փաստահավաք առաքելությամբ․ օգտագործելով իրենց կապերը՝ նրանք պետք է ապացույցներ ներկայացնեն ոչ միայն դատարաններ, այլեւ միջազգային կազմակերպություններին, մոնիթորինգային հանձնաժողովներին, ինչը եւս շատ կարեւոր է, որպեսզի ստեղծվի առնվազն համաեվրոպական հասարակական կարծիք առ այն, որ Ադրբեջանը վարել է անարդարացի, անօրինական պատերազմ։ «Այս փաստարկը մեզ առաջիկայում շատ է պետք գալու, որ առաջ տանենք վեճերը տարբեր դատական ատյաններում, ընդհուպ՝ մինչեւ Ղարաբաղի տարածքի դեօկուպացիայի հարցի շրջանակում: Խոսքը չի վերաբերում մյուս 7 շրջաններին, այլ նրանց, որոնք Ղարաբաղը հանրային իրավունքի ուժով հայտարարել էր որպես անկախ տարածք, եւ որոնք, կարելի է ասել, Ադրբեջանը զավթել է, որովհետեւ չեմ կարծում, թե, օրինակ, Հադրութի եւ մյուս տարածքների վերաբերյալ իրենք ունեն իրավական հիմքեր»,- ասաց Ղազարյանը՝ շեշտելով, որ այդ տարածքների օրինականությունը միջազգային իրավունքի որեւէ սուբյեկտ, որեւէ երկիր կասկածի տակ չի դրել»։

Ըստ փաստաբանի՝ միջազգային մակարդակում Ադրբեջանի կողմից անօրինական պատերազմ վարելու համոզմանը հասնելը կօգնի նաեւ ՀՀ քրեական հետապնդման մարմիններին անհատական հետապնդումներ իրականացնել նաեւ ՀՀ սահմաններից դուրս․ «Օրինակ՝ այն անձը, որ հաճախ է երեւում ռազմագերիների տեսանյութերում, կատարում է հանցագործություն, եւ թեկուզ նրա, կամ քրեական հետապնդման մարմինների կողմից պարզված այլ անձանց նկատմամբ պետք է սկսել քրեական հետապնդումներ»,- ասաց Ղազարյանը՝ պնդելով, որ Ադրբեջանը, չունենալով հիմք, դա անում է, իսկ մենք, ունենալով հիմք, պարտավոր ենք անել։

Արա Ղազարյանի խոսքով՝ առաջիկա 4-5 տարիներին մեզ իրավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում, պարզապես պետք է գործընթացների նկատմամբ հետեւողական աշխատանք տանել։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 9
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 9
  •