• Sun. Jan 24th, 2021

Բաքվի հարցում Ռուսաստանի ռազմավարական նպատակների աջակցության խնդիրը

Նյու Յորք Թայմսը գրում է, որ նոյեմբերի 9-ից առաջ Պուտինը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանին: «Բաքվի մի շարք աղբյուրների վկայությամբ, Վլադիմիր Պուտինը Ալիևին վերջնագիր է ներկայացել, որ եթե Շուշին գրավելուց հետո Ադրբեջանը շարունակի մարտական գործողությունները, ապա Ռուսաստանը կմիջամտի։

Ըստ այդ աղբյուրների՝ նույն գիշերը Բաքվի բաց տարածքներից մեկում անհայտ մի հրթիռ է ընկել, առանց վնասներ պատճառելու։ Որոշ կասկածներ կան, որ դա Ռուսաստանի կողմից միջամտելու և մեծ վնասներ հասցնելու ազդանշան էր։ Ժամեր անց Պուտինը հայտարարեց կրակը դադարեցնելու համաձայնության մասին», գրել է ամերիկյան պարբերականը:

Նույն գիշերն իհարկե ոչ միայն հրթիռ է ընկել Բաքվում, այլ նաեւ Հայաստանի ու Նախիջեւանի սահմանին ընկել է ռուսական ռազմակայանի շարասյունն ուղեկցող ռուսական երկու ուղղաթիռներից մեկը: Այն խոցել են ադրբեջանցիները եւ հայտարարել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն եւ չեն իմացել, որ ուղղաթիռը ռուսական է:

Ուղղաթիռի խոցումը Մոսկվային տալիս էր պատասխան հարվածի հնարավորություն, եւ, ինչպես հետո Բաքվի դեսպանին պատասխանել էին ՌԴ ԱԳՆ-ից՝ այդ հարվածը կլիներ կործանարար: Ուղղաթիռի խոցումից մի քանի ժամ անց հայտարարվեց պատերազմի դադարի մասին:

Ինչու՞ Պուտինն այդ վերջնագիրն Ալիեւին հղեց միայն Շուշիից հետո եւ ոչ թե դրանից առաջ: Այդ առնչությամբ հայտնի պատմությունը, որ պատմեց Պուտինը հոկտեմբերի 19-20-ի մասին, միամիտների համար է: Եթե Պուտինն ուզում էր եւ ձեռք էր բերել պատերազմը կանգնեցնելու պայմանավովածություն Ալիեւի հետ, ապա Նիկոլ Փաշինյանի հավանություն ստանալը նրա համար լինելու էր տեխնիկայի հարց:

Ուրեմն, ինչու՞ միայն Շուշիից հետո, եւ ոչ թե մինչեւ Շուշին: Փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, թե Բաքուն միայն Շուշիից հետոյի պայմանով է համաձայնել Արցախ ռուս խաղաղապահների մուտքին: Ի դեպ, ռուսական Տելեգրամ տիրույթում տեղեկություն եղավ, որ Ալիեւը Պուտինից խնդրել է 20 րոպե ժամանակ՝ Էրդողանի հետ խորհրդակցելու համար, սակայն Պուտինը չի տվել այդ ժամանակը: Միաժամանակ, ռուսաստանցի քաղաքագետ Դուբնովը հայտարարեց, որ իր հավաստի աղբյուրի տվյալով, ռուս խաղաղապահների տեղակայումը նախապես եղել է անսահմանափակ ժամկետով, եւ 5 տարվա սահմանափակումը եղել է Թուրքիայի միջամտությամբ:

Այսպես թե այնպես, Ռուսաստանն ունի Արցախում իր ռազմական ներկայության Բաքվի ստորագրությունը: Նախօրեին ՀԱՊԿ Վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի աջակցության խնդիրը ՀԱՊԿ ղեկավարների առաջ դրվել է ոչ պատահական, Ղազախստանի նախագահի՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի «պատմական» որակման ֆոնին: Խնդիրն անշուշտ Փաշինյանի անձնական կամ քաղաքական ճակատագիրը չէ, Պուտինը ՀԱՊԿ նախագահների առաջ դնում է այդ թվում Բաքվի հարցում Ռուսաստանի ռազմավարական նպատակների աջակցության խնդիրը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 4
  •