• Sun. Jan 24th, 2021

Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին եւ վիրավորներին փոխհատուցում կտրվի

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը։

Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ հարցը քննարկել են Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երի հետ, որոնց կողմից տրամադրվել են տեղեկություն ՀՀ-ում եւ Արցախում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի եւ վիրավորների վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին 5 մլն դրամի չափով, հաշմանդամություն ունեցող անձանց՝ ըստ հաշմանդամության՝ 1, 2, եւ 3-րդ խմբերի, համապատասխանաբար՝ 3, 2 եւ 1-ական մլն դրամ։ Երեխայի կողմից հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում՝ 3 մլն դրամ։

«Նշված իրավակարգավորումները համահունչ են սահմանամերձ համայնքներին տրվող աջակցության մասին օրենքի կարգավորումներին, որտեղ նման դեպքերի պարագայում նախատեսված են նման փոխհատուցումներ։ Առաջիկա օրերին կհաստատվի գործընացի կազմակերպման կարգը, որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված են որոշ առաջարկներ գործընթացը մաքսիմում կազմակերպելու հարցով, եւ դրանք հաշվի են առնվելու»,- ասաց Առաքելյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ զինծառայողների դեպքում հարցը կարգավորվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» միջոցով։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •