• Sun. Jan 24th, 2021

Ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակումը հանրային շրջանակներում որոշակի զարմանք է առաջացրել՝ հաշվի առնելով Բալասանյանի ծայրահեղ ընդդիմադիր կեցվածքն ու նախկինում արված հայտարարությունները:

Ոմանք այդ որոշումն այնքան աբսուրդային են համարել, որ համացանցային գրառումներով այսօր ԱՀ նախագահին առաջարկում էին մի պաշտոն էլ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին տալ:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, նա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2016-2019 թվականներին:

Արցախում, սակայն, այս որոշումը նորմալ են ընդունել: Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես երկու օր Ստեփանակերտում տարբեր հանդիպումներ ունեցա քաղաքական տարբեր դեմքերի հետ, նորմալ պրոցես է գնում: Նոր իշխանություն է ձեւավորվում»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության փոփոխությունը՝ քաղաքական գործիչը պատասխանեց. «Պատերազմով, ինչո՞վ: Պետությունը կազմալուծված է, քաղաքական համակարգը կազմալուծված է, պետական կառավարման համակարտգը կազմալուծված է, նոր մարտահրավերների առջեւ ենք կանգնել, նոր իրականության»:

Նախկին պատգամավորը ընդգծեց, որ շուտով, երբ ավարտվի իշխանության ձեւավորման այս պրոցեսը՝ Ազգային վերածնունդը այդ ամենի մասին հայտարարությամբ հանդես կգա:

Վստահեցրեց՝ բոլոր հարցերի պատասխանը կլինի:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն էլ, անդրադառնալով Արցախում սկսված կադրային փոփոխություններին՝ նկատեց, որ դրանք պիտի լինեն ոչ միայն պիտանի, այլեւ հանրության կողմից ընդունելի: «Հիմա չի կարելի հենց էնպես նշանակումներ անել: Լարված է հասարակությունը, արտակարգ իրավիճակ է: Նախագահը ուզի, չուզի պետք է ինչ-որ բաներ անի վիճակը հաղթահարելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հրամանագրով այսօր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար է նշանակվել Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը:

Ինչպես նրա, այնպես էլ Վիտալի Բալասանյանի նշանակումները ԱՀ նախագահը բացատրել է ազգային համաձայնության իշխանության ձեւավորմամբ:

«Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության»,- ավելի վաղ գրել էր Հարությունյանը՝ հավելելով, որ հորդորում է բոլոր-բոլորին՝ համախմբվել եւ միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաեւ բռնել ճամփան երկարատեւ զարգացման ու զորացման:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •