• Tue. Jan 19th, 2021

Կառավարությունը հաստատեց Արցախի քաղաքացիների հյուրընկալողներին աջակցության ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման վեցամսյա սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Արցախի քաղաքացիների մի հատված այսօր բնակվում են Հայաստանի տարածքում, քանի որ նրանց բնակավայրերը չեն գտնվում Արցախի Հանրապետության վերահսկողության տակ։ Այդ քաղաքացիների զգալի հատվածն իրենց կեցությունն ապահովում են մասնավոր տներում՝ ՀՀ քաղաքացիների հյուրընկալության արդյունքում։

Միջոցառման շրջանակներում ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն քաղաքացիներին, ովքեր իրենց բնակարանները կամ տները տրամադրում են արցախցիներին։ «Յուրաքանչյուր չափահաս անձի մասով ՀՀ-ում 30 հազար դրամի չափով փոխհատուցվող գումար է նախատեսվում և Արցախի Հանրապետությունում, եթե կտան հյուրընկալող կացարան, 45 հազար դրամ։ Միջոցառումը կրելու է ժամանակավոր բնույթ՝ վեց ամիս։ Դիմելու համար անհրաժեշտ է, որպեսզի կացարան տրամադրող քաղաքացիները դիմեն էլեկտրոնային եղանակով՝ կցելով այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում են»,- ասաց նախարարը։ Նա հավելեց, որ նշված գումարները չեն համարվելու որպես վարձակալության գումար, անհատույց տրամադրվող ֆինանասական աջակցություն են և հարկման ենթակա չեն։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •