• Fri. Apr 23rd, 2021

Վազգեն Մանուկյանը Հայրենիքի փրկության ազգային շարժման վարչապետի թեկնածու

Հայաստանի 17 կուսակցությունները նիստում որոշում են կայացրել, որ պետք է ստեղծվի Հայրենիքի փրկության ազգային շարժում:

Որոշում է կայացվել, որ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, շաբաթ օրը հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանը հանդես կգա ելույթով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Վազգեն Մանուկյանը անցումային կառավարություն կձեւավորի, եւ մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Կայացած հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանը:

«Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ եւ որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու եւ չի աջակցելու որեւէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին»,- ասաց նա:

Նոր որակի իշխանության ձևավորումը հրամայական է:

Ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով հանրության լայն շրջանակների պահանջը,17 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնելիր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում:

Շարժումը համահայկական է և վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցությունների, մտավորականության և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների:

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարում է.

  1. Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատվել Հայաստանի աղետաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարություն, որը կկանխի Հայաստանի պետականության կորուստը, կիրականացնի երկրի հետպատերազմյան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրա հիմնված ներքին և արտաքին քաղաքականության, քաղաքացիների անվտանգության երաշխավորման բարձրացման ուղղությամբ և կկազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

  2. Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն:

3.Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականություն՝ մեկ տարի հետո կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ԸՕ-ին համապատասխան հավասար  պայմաններ  երաշխավորելով քաղաքական բոլոր ուժերի համար:

4.Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 1500-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:

Սիրելի՛ հայրենակիցներ,Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է: