• Sun. Jan 24th, 2021

ՄԻԵԴ-ը դարձել է մրցակության տեղ Հայաստանի եւ Ադրբեջանի համար

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ երեկ կայացրած որոշմանը, որով վերացվեց Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցիչը երեկ հայտնել էր, որ ՄԻԵԴ-ն այդ որոշումը վերացրել է՝ հիմք ընդունելով Թուրքիայի դիմումն այն մասին, որ պատերազմական գործողություններն արդեն դադարել են։

Ըստ Սաքունցի՝ սա շատ ուշագրավ հանգամանք է, որովհետեւ ստացվում է՝ Թուրքիան ընդունում է, որ պատերազմի ընթացքում ինքն աջակցություն ունեցել է։ «Այսինքն՝ ոչ թե ասում է՝ չեմ աջակցել եւ հիմնավոր չէ, այլ հղում է կատարում պատերազմական գործողությունները դադարելուն, եւ, իմ համոզմամբ, այստեղ բավականին լուրջ աշխատանք կա կատարելու հետագա գանգատի շրջանակում»,- ասաց Սաքունցը՝ հարց բարձրացնելով, թե այդ ինչպես է, որ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոցը վերանում է պատերազմական գործողությունների դադարեցման հիմքով, իսկ Ադրբեջանի նկատմամբ շարունակում է գործել։ Սա, ըստ նրա, լայն դաշտ է ստեղծում հետագայում գանգատների ներկայացման եւ Թուրքիայի ուղղակի պատասխանատվության հարցը իրավական դաշտում քննարկելու համար։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ ՄԻԵԴ-ը դարձել է մրցակության տեղ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, եւ Հայաստանը պետք է շատ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերի ոչ միայն ՄԻԵԴ-ում, այլ միջազգային քրեական դատարանում հարցեր բարձրացնելու ուղղությամբ, ինչի համար շատ կարեւոր է քաղաքական դիվանագիտական աշխատանքը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, խոսելով կատարվելիք մյուս գործընթացների մասին, նշեց, որ Հայաստանը պատրաստվում է միջանկյալ միջոցներից զատ, Ադրբեջանի դեմ նաեւ միջպետական գանգատ ներկայացնել։ Կիրակոսյանը մոտավոր ժամկետներ չնշեց, միայն ասաց, որ աշխատանքները ընթացքի մեջ են։

Նա նաեւ հիշեցրեց, որ նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը եւ գործողությունները կոպտորեն խախտում են «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» 1965 թվականի կոնվենցիան․ «Մասնավորապես՝ այդ նամակով կոչ էր արվում դադարեցնել այդ խախտումները եւ նշվում, որ մերժելու դեպքում ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահելու վեճը լուծել կոնվենցիայով սահմանված կարգով»։

Կիրակոսյանը մանրամասնեց, որ այդ կարգը նախատեսված է հիշյալ կոնվենցիայի 22-րդ հոդվածով, ըստ որի՝ եթե բանակցությունների կամ Կոնվենցիայով նախատեսված մեխանիզմների միջոցով կողմերի միջեւ վեճը չի լուծվում, ապա կողմերը իրավունք ունեն հարցը փոխանցել ՄԱԿ միջազգային դատարան։ «Պետք է սպասել, ըստ այդմ՝ որոշել, ամեն դեպքում, այս ուղղությամբ կարեւոր քայլ է կատարվել նաեւ ԱԳՆ-ի կողմից»,- ասաց նա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •