• Sun. Jan 24th, 2021

Շուշեցիները այսօր Արցախի ներկայացուցչությունում էին․ նրանց խնդիրը կացարանով ապահովված լինելն է

Այսօր մի խումբ շուշեցիներ Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում էին․ նրանք ներկայացրին շուշեցիների սոցիալական խնդիրները։

«Չենք եկել բողոքելու, եկել ենք ներկայացնելու Հայաստանի ներկակայացուցչին, որ մտահոգվի առաջին հերթին մեր կացարաններով, որովհետև մարդիկ կան, որ հյուրանոցում էին ապրում, հիմա պետք է ազատեն այդ հյուրանոցները, խնդրեցինք պարոն Ղազարյանին, որ մտահոգվեն մեր այդ բնակչության խնդիրներով»,- ասաց շուշեցի Նարինե Գրիգորյանը։

Շուշեցիները նաև բարձրացրել են աշխատանքով ապահովվելու հարցը։ «Նաև տղաներ կան Շուշի բնակիչներից, որ առանց աշխատանքի են, և պարոն Ղազարյանը նորից ասաց՝ ամեն կառույցի կդիմենք»։

Նարինե Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում արցախցիներին անհրաժեշտ օգնություններ տրամադրում են։ «Կան շտաբներ, ուղղակի մարդիկ կան, որ տեղեկացված չեն, ծանոթ չեն շրջապատին, փողոցին: Օրինակ՝ մի տեղից ասում են, որ ինչ-որ փողոցում գտնվող շտաբ կա, այնտեղ օգնություն են ցուցաբերում, մինչև փնտրում եմ, ծանոթ եմ խառնում, օրինակ՝ Հայաստանում ապրող ծանոթ-բարեկամներին հարցնում եմ՝ էդ փողոցը որտե՞ղ է գտնվում։ Բոլորն էլ օգնում են, բայց այս պահին մեր բոլորի խնդրանքը կացարանով ապահովելն է»։

Նա ասաց նաև, որ այս պահին անվտանգ չի համարում Ստեփանակերտ վերադառնալը, որովհետև այնտեղ բազմաթիվ չպայթած ռումբեր կան։ «Օրական մի հատ հայտարարություն են տալիս, որ էս ինչ դպրոցի տարածքում ռումբ են գտել չպայթած։ Ես, օրինակ, որպես ծնող, վախենում եմ»։ Նա, սակայն, նշեց, որ հետագայում պատրաստ է հայրենիք վերադառնալ։

Գրիգորյանի խոսքով՝ Շուշիի 4000 բնակիչների մի մասն արդեն վերադարձել է Ստեփանակերտ, մի մասը Հայաստանում է՝ հյուրանոցներում կամ բարեկամների տներում։

Արցախում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն էլ նշեց, որ որոշում կայացնողը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համապատասխան մարմիններն են։ «Մենք ընդամենը մեր հերթին պետք է տեղեկացված լինենք՝ մեր քաղաքացիներին ինչ հուզող հարցեր կան, որպեսզի շատ օպերատիվ ներկայացնենք որոշում կայացնողներին»։

Ղազարյանի խոսքով՝ խնդիրների շրջանակը շատ լայն է, խոսքը հազարավոր արցախցիների մասին է: Շատ արագ լուծումներ գտնելը դժվար է, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են։
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •