• Sun. Jan 24th, 2021

Պե՞տք է նշել Նոր տարին․ ի՞նչ կարծիքի են քաղաքացիները

Երեկ հայտարարվեց, որ Ամանորին Երեւանի գլխավոր տոնածառը չի տեղադրվելու։ Օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ տոնական միջոցառումների եւ քաղաքի զարդարանքի համար առանձնացված գումարից 200 միլիոն դրամն ուղղվելու է Արցախի մայրաքաղաքի վերականգմանը։

Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրելու եւ տոնական միջոցառումները չեղարկելու մասին տեղեկանալուց հետո հանրությունը կարծես երկու մասի է բաժանվել. մի մասը ողջունեց Երեւանի քաղաքապետարանի այդ որոշումը, մյուս մասը՝ համոզմունք հայտնելով, որ մանուկներին չպետք է զրկել տոնից։

Որոշ մարդիկ անչափ կարեւորում են Նոր տարին նման մակարդակով նշելը, նրանց կարծիքով՝ Հայաստանն արժանի չէ հավերժ սգի մեջ մնալու, ընդգծում են, որ գոնե զուսպ, մինիմալիստական ու համեստ լուծումներով պարտավոր ենք քաղաքը զարդարել ու տոնը նշել:

Իսկ մեկ այլ խումբ էլ միանշանակ վստահ է՝ համատարած այս սգի, կորստի ու բազում խնդիրների ֆոնին պետք է խստիվ արգելել որեւէ տոնական միջոցառում կամ զարդարանք։ Սոցիալական ցանցերում մարդիկ գրում են, որ մինչեւ վերջին նահատակին հողին չհանձնենք, տոնի եւ ուրախության մասին նույնիսկ մտածելուց պիտի ամաչենք, քանի որ համայն հայությունը վշտի մեջ է։

Ֆեյսբուքյան մի քանի գրառումներ էլ հետեւյալ բովանդակությամբ են, թե մարդիկ կան, որոնք անգամ սպառնում են ջարդել, եթե քաղաքում տոնածառ ու զարդարանք տեսնեն, ուրեմն ի՞նչ տոնական տրամադրության մասին է խոսքը։

Ինչեւէ, այս իրավիճակում մարդիկ դժվարանում են այլընտրանքներ գտնել, մի կողմից ուզում են այնպես անել, որ երեխաներին ուրախացնեն, որովհետեւ նրանք ամբողջ տարին Ձմեռ պապին են սպասել, եւ անկախ ամեն ինչից, շարունակեն ապրել, իսկ մյուս կողմից չեն ուզում կորստի ցավ ապրող մեր հայրենակիցների մոտ այս տոնը զայրույթ առաջացնի կամ հանկարծ տպավորություն ստեղծի, թե անտեսել են նրանց վիշտը, որը նաեւ համընդհանուր ու բոլորինս է։

Ամեն դեպքում, շատ են այն մարդիկ, որոնք շարունակում են պնդել՝ Հայաստանն արժանի է Ամանորին, մեր երեխաները, մեր զինվորները արժանի են ամանորյա ուրախության, մեր զոհված զինծառայողների եւ կամավորների զավակները պետք է ապրեն Ամանորի ուրախությունը, վիրավոր զինծառայողների զավակները պետք է ապրեն Ամանորի հրաշքը:

Մի քանի տեղ էլ առաջարկներ կան, որ, օրինակ, արժե գնալ ամեն մի զոհված զինվորի տուն ու մենակ չթողնել զինվորի ծնողին, տիկնոջը, քրոջը, երեխաներին։ «Այսուհետ մենք՝ ողջերս, ունենք նաեւ այդ պարտքը։ Զինվորի երեխան պետք է նվեր ստանա, թող մի քանի կոնֆետ, մի գիրք, մի խաղ, գոնե կես կիլոգրամ մանդարին, բայց պիտի ստանա։ Նա մեղավոր չէ, որ ծնողն իր կյանքը հերոսաբար տվել է մեր ապրելու համար»,- ասվում է այդպիսի գրառումներից մեկում։

1988-ի, 90-ականների սերունդն էլ հիշում է, որ երբ իրենք էին փոքր, ու Հայաստանում դարձյալ դժվարին ժամանակներ էին՝ ավերիչ երկրաշարժն իր հետեւանքներով, պատերազմն ու դրա բերած ճգնաժամը, աղքատությունը, մութն ու ցուրտը, ամեն դեպքում, իրենց ծնողները ուժ էին գտնում, բամբակից ձյունով, մանդարինով ու մի բուռ կոնֆետով Նոր տարի անելու եւ իրենց ուրախացնելու։ Իսկ այդ օրը ոչ ոք չէր տխրում ու ոչ ոք մռայլ բաներ չէր խոսում, որովհետեւ այդ օրը մանուկներինն էր։ Ահա այդ սերնդի մարդկանց կարծիքով՝ ապրելու ցանկությունն այսօր էլ պետք է վերադարձնել, որի կարիքն այսօր առավել քան ունի հայ մանուկը, ուստի Ամանորը պետք է դառնա այդ կենսական ճանապարհի առաջին քայլը:

Իսկ հնարավո՞ր է հրաժարվելու որոշումը վերաբերում է միայն Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներին ու գլխավոր տոնածառին, իսկ, օրինակ, Երեւանի վարչական շրջաններում փոքրիկ միջոցառումներ, ամանորյա ձեւավորումներ, ամեն դեպքում, լինեն։ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ այս տարի քաղաքապետարանը որեւէ տեղ որեւէ զարդարանք չի անելու։

Կարապետյանը նաեւ հայտնեց, որ քաղաքապետարանը նախաձեռնել է զոհվածների ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին եւ հատկապես նրանց երեխաներին ամանորյա նվերներ մատուցել։ «Այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում, որոնք ընթացքում կներկայացվեն հանրությանը»,- ասաց նա։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •