• Fri. Apr 23rd, 2021

Երկրաշարժից 32 տարի անց աղետի գոտի հասկացությունը դեռ լիովին չի վերացել

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 32-րդ տարելիցն է: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին գրանցված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 բալ, իսկ, ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի, մակրոսեյսմիկ ինտենսիվությունը եղել է արտասովոր կործանարար:

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40%-ը։ Լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու հարակից 58 գյուղ, չափազանց տուժել է ներկայիս Գյումրի քաղաքը, Ստեփանավանը, ներկայիս Վանաձորն ու ավելի քան 300 բնակավայր:

Երկրաշարժից 32 տարի անց աղետի գոտի հասկացությունը դեռ լիովին չի վերացել. Գյումրիում, Վանաձորում ու Սպիտակում կան տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքներ:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել երկրաշարժի զոհերի եւ աղետների դիմակայության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

Հարգելի շիրակցիներ,

Արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։ 88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև այսօր։ Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտն ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։ Տարիներ առաջ մեր ազգին ու հատկապես շիրակցուն հատուկ՝ ցավին կուլ չգնալու և ամեն գնով այն դիմագրավելու պատրաստակամությամբ նայեցինք դեպի ապագան։

Հայի կենսագրությանը բաժին հասած այս փորձությունը ևս պետք է հաղթահարենք ու աներեր կանգնեք մայր հողի վրա, ինչպես ապրեցինք աղետալի երկրաշարժից հետո։ Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու այն մարդկանց, որոնք չլքեցին իրենց հայրենիքն ու լծվեցին արհավիրքի հետևանքները վերացնելու բարդ ու պատասխանատու գործին, այն երկրներին, որոնք մեզ բաժին հասած ողբերգության առաջին իսկ օրվանից աջակցեցին ու սատար կանգնեցին։

Ամենամեծ ու անդառնալի կորուստը մարդկային կյանքն է։ Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին:

Հարգելի շիրակցիներ, ցանկանում եմ ձեզ կամք, ուժ, կորով և համբերություն։

Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական։ Աստված պահապան մեր հայրենիքին: