• Fri. Apr 23rd, 2021

ԱՄՆ-ն վերադառնո՞ւմ է գործընթաց, և պատրա՞ստ է մտնել Արցախ

Խոսելուց բացի, ԱՄՆ-ն ի՞նչ կարող է անել Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում ոչ ռազմական լուծումների ուղղությամբ, ինչը պետք է ենթադրի նաև կարգավիճակի հարց, պատերազմի հետևանքով Արցախի օկուպացված տարածքների հարց:

Այն, որ Նահանգները շոշափում է այդ ամենի չկարգավորվածության հանգամանքը և փաստորեն մերժում Ադրբեջանի ռազմական արդյունքը ճանաչել որպես լուծում, դրական է: Մյուս կողմից, սակայն, հարցն այն է, թե ինչ կարող է փոխել ԱՄՆ-ն այդ իրավիճակում:

Հետևաբար, առաջանում է հարց՝ ԱՄՆ-ն վերադառնո՞ւմ է գործընթաց, և պատրա՞ստ է մտնել Արցախ, այդ բառի բուն և պատկերավոր իմաստով, որովհետև Ռուսաստանը մտել է ուղիղ իմաստով, իսկ Թուրքիան՝ պատկերավոր, նկատի ունենալով Ադրբեջանի օկուպացիայի ներքո հայտնված Հադրութն ու Շուշին, որը, ըստ էության, նշանակում է Թուրքիայի մուտք: Հակառակ դեպքում, Նահանգների հայտարարությունները, մեծ հավանականությամբ, կարող են ոչ միայն մնալ որպես այդպիսին, այլ նույնիսկ, այսպես ասած, քարոզչական մանիպուլյացիայի հիմք դառնալ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար: