• Tue. Jan 19th, 2021

Եռակողմ համաձայնագրից հետո Ռուսաստանը նույնպես դառնում է հակամարտության կողմ

ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, ոչ ոք չի ճանաչել այն, նույնիսկ Հայաստանը: Եթե Հայաստանը ճանաչեր, իրավիճակը գուցե այլ կերպ լիներ, ասել է նա: Պուտինի հայտարարությունները կապված են Ղարաբաղի օկուպացիայի եւ ռազմական ներկայությունն այնտեղ պահելու հետ, իսկ նրա ընկեր Էրդողանն ավելի պարզ է ասել՝ իրենք եւ ռուսները հավասար կիսելու քաղաքականություն են վարում աշխարհում:

Պուտինը Մինսկի խմբի համանախագահներից միակն է, որ Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք: Ընդ որում, նա հղում է անում միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի բանաձեւերին եւ այլն: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները բանաձեւեր են ընդունել Արցախի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ, մյուս համանախագահ ԱՄՆ-ի Կոնգրեսում նույնպես նման բանաձեւ կա: Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան պնդում են Ղարաբաղի կարգավիճակի լուծումը Մինսկի խմբում: Եվրոպական այլ երկրների խորհրդարանները նույնպես բանաձեւեր են ընդունել այս կապակցությամբ, մասնավորապես դատապարտելով Ադրբեջանի հարձակումը եւ դնելով տեղահանվածների վերադարձի ու կարգավիճակի հարցերը:

Հարց է առաջանում՝ որ միջազգային իրավունքին է հղում անում ու հավատարմություն հայտնում Պուտինը, եթե մյուս համանախագահները խոսում են ճանաչման, կարգավիճակի հարցի լուծման, եռակողմ համաձայնագրի կապակցությամբ հարցեր ունենալու, Ղարաբաղի փաստացի օկուպացիայի մասին: Այդ ամենը նշանակում է, որ Ղարաբաղը չի համարվում Ադրբեջանի տարածք: Ավելին, Բաքուն տարիներ շարունակ տրտնջում է, որ միջազգային հանրությունը չի ճանաչում տարածքային ամբողջությունը Ադրբեջանի դեպքում, փոխարենը ճանաչում է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ամբողջականությունը:

Հետաքրքիր է, որ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի դեպքում հակամարտության կողմ է Ռուսաստանը: Ըստ էության, եռակողմ համաձայնագրից հետո Ռուսաստանը նույնպես դառնում է հակամարտության կողմ, որքան էլ հայտարարվի միջնորդության ու խաղաղապահ գործունեության մասին: Եռակողմ հայտարարությունը ռուս-թուրքական պարտադրանք է Հայաստանի հանդեպ՝ Արցախը կտրելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով, որի ականատեսն ենք ներկայում:

Մոսկվան մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում, փորձելով կամ չեղարկել դրա գործունեությունը, կամ այն սահմանափակել «հումանիտար խնդիրներով»՝ այդպիսով լեգիտիմացնելով եռակողմ հայտարարությունը: Մոսկվային Ղարաբաղի կարգավիճակը կարող է պետք լինել այն պարագայի համար, եթե Բաքուն չհամաձայնի երկարաձգել ռուսական ռազմական ներկայությունը: Եթե իհարկե ռուսները ցանկություն ունենան մնալու: Դրա համար էլ Մոսկվան վերջնական չի փակում այդ թեման, տարբեր խողովակներով առաջարկելով «կարգավիճակի» հարցի լուծումը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ հարթությունում:

Ցանկացած բարդ իրավիճակ ունենում է ելքեր, ընդ որում՝ որքան իրավիճակը բարդ է ու անորոշ, այնքան մեծանում են հնարավորությունները: Հայաստանի պարագայում պարտությունը, որքան էլ տաօրինակ թվա, ավելի է մեծացնում հնարավորությունները: Միայն այն, թե Մոսկվան ու թուրքերը որքան շտապողական են գործում, նշանակում է այնտեղ ակնհայտ է դարձել հնարավոր փլուզումը: Բայց դրա համար անհրաժեշտ է համարժեք քաղաքական դաս եւ իշխանություն, ներկայիս ողորմելի ողբասացների, ռուսներին հստակ գրաֆիկով երախտագիտություն հայտնողների ու կապիտուլյանտների փոխարեն: Ժամանակը քիչ է, հայ հանրությունը պետք է դուրս գա շոկից եւ հստակ ազդակներ տա աշխարհին իր իրավատիրության մասին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 5
  •