Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, թե 2021 թվականի համար արտաքին քաղաքական առաջնահերթություն է լինելու Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիան: Թբիլիսիի հայտարարությունն արժանի է ուշադրության՝ նկատի ունենալով այն, որ սովորական վիճակ չէ, երբ սահմանի դեմարկացիան դիտարկվում է արտաքին քաղաքական առաջնահերթություն՝ հատկապես, երբ խոսքը պետությունների մասին է, որոնք կարծես թե խոսում են բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին:
Արցախի դեմ պատերազմն ավարտվեց թուրքական հաղթանակով, որից կարողացավ բաժին կորզել նաև Ռուսաստանը: Արցախյան գոտում ձևավորվել է նոր ստատուս քվո, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան կանգ են առել: Սակայն, ինչպես երբևէ, այդպես էլ այժմ, արցախյան գոտու որևէ ստատուս քվո, այսպես ասած, առանձին չէ: Այն ենթակա է ռուս-թուրքական ռեգիոնալ հարաբերության տրամաբանության, որի իրավաքաղաքական հիմքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրն է: Թեև այդ պայմանագրի «ողնաշարը» ռեգիոնալ հայկական սուբյեկտության ողնաշարը չեզոքացնելն է, այդուհանդերձ այն շոշափում է նաև Վրաստանի անվտանգային շահերը:
Անկարան չի բավարարվելու միայն արցախյան գոտում պարտադրած նոր ստատուս քվոյով: Թուրքիան թերևս մտածում է, որ Ռուսաստանը Վրաստանում «պարտք» է իրեն: Այսինքն՝ յուրացրել է Աբխազիան ու Օսիան, վերցրել է Վրաստանից իրենը, և Թուրքիան մտածում է, որ այժմ իր հերթն է՝ վերցնել կամ խաղաղությամբ, կամ այսպես ասած ուժով: Իսկ դրա համար առիթներից մեկն անշուշտ կարող է լինել վրաց-ադրբեջանական սահմանը, որը բավականին խնդրահարույց է, ի դեպ՝ մեր Սյունիքից ոչ պակաս, պարզապես ոչ այդպես ցավոտ, որովհետև չկա Ադրբեջանի հետ պատերազմի հանգամանք: Չկա, սակայն Թբիլիսին լրջորեն մտավախություն ունի, որ կլինի: Այդ պատճառով է դեմարկացիան համարվում արտաքին քաղաքական առաջնահերթություն, համենայնդեպս, քանի դեռ ԱՄՆ-ը առաջնահերթ չի դիտարկում Վրաստանում ռազմակայանի հաստատումը, ինչի մասին Արցախում պատերազմից հետո Թբիլիսին դիմել է Վաշինգտոնին գրեթե բաց տեքստով:
9
9