ՌԴ նախագահ Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի հեռախոսազրույցի հանգամանքը, անշուշտ, արտացոլում է այն գնահատականը, որ նոյեմբերի 9-ից հետո տարբեր առիթներով տվել ենք Հայաստանի ներքաղաքական գործընթացների առնչությամբ: Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ռազմա-քաղաքական պարտությունից հետո դրանք գործնականում ամբողջությամբ գտնվում են ռուսական հեգեմոնության տիրույթում, որտեղ, անշուշտ, հաշվի է առնվում Հայաստանի հանրային տրամադրությունների բաշխվածությունը:
Բայց գերական, իհարկե, խնդիրներն են, որ իր առաջ դնում է Ռուսաստանը: Հատկապես, որ այդ ներքաղաքական կյանքում չի նշմարվում, իշխանության վերադառնալուց բացի, որևէ այլ խնդիր: Ինչպես հայտնի է տարածված տեղեկությունից, զրույցը տեղի է ունեցել Մոսկվայում, որտեղ երկրորդ նախագահն այցելել էր դեկտեմբերի 18-ին՝ եռօրյա այցով: Ընդ որում, հատկանշական է, որ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հայտնի է դառնում այն բանից հետո, երբ երկրորդ նախագահի մոսկովյան այցին հաջորդեց հայկական մամուլի տեղեկություն այն մասին, որ Մոսկվայում նա չի ունեցել նշանակալի հանդիպումներ, այլապես կասեր այդ մասին: Դրան ահա հաջորդում է այն, որ եղել է հեռախոսազրույց ՌԴ նախագահ Պուտինի հետ: Արդյո՞ք այդ տեղեկության հրապարակման պատճառը մամուլի ավելի վաղ եղած հաղորդագրությունն էր, և երկրորդ նախագահը փորձում է ցույց տալ, որ ունեցել է շատ լուրջ հանդիպում: Թե՞ տեղեկությունը հանրայնացնելու համար այդ քայլը մինչ այժմ համաձայնեցվում էր ՌԴ նախագահի աշխատակազմի հետ:
Մինչդեռ, 2016 թվականի Ապրիլյանից հետո Ռուսաստանը Սերժ Սարգսյանի հետ փաստորեն լրջորեն քննարկել է «Լավրովյան պլանի» իրագործումը: Սերժ Սարգսյանը, չխանգարելով թավշյա հեղափոխությանը, թերևս փորձեց մանևրել այդ պլանից: Ընդ որում՝ հատկանշական է Ռոբերտ Քոչարյանի հետհեղափոխական հարցազրույցներից մեկը՝ մեղադրանքից հետո, որտեղ նա խոսում էր հեղափոխության ընթացքում իշխանության «կասկածելի պասիվ դիմադրության» մասին: Ռոբերտ Քոչարյանի գործի մեկնարկումով սկսեց նրա աշխույժ դիմադրությունը նոր իշխանությանը, որտեղ առանցքային տեղ էր զբաղեցնում հենց այն, որ Փաշինյանը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունն ու հարաբերությունը անձամբ Պուտինի հետ՝ հետապնդելով նրա ընկերոջը: Իսկ այդ առումով հատկանշական էր թերևս այն, որ Պուտինն էլ «կասկածելի պասիվ էր» ընկերոջը ապահովագրելու առումով: Տարօրինակ էր, որ նույն գործով Ռուսաստանում պատսպարվեցին ավելի ցածր պաշտոնյաներ, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց բանտում: Խնդիրն, ըստ երևույթին, կողմերին օգտագործելով ներքին դիմակայություն առաջացնելն ու դրա միջոցով Ռուսաստանին արցախյան հարցում ավելորդ պատասխանատվությունից ազատելն էր: Այդ իմաստով, Փաշինյանը հետապնդելով, իսկ Քոչարյանն էլ հետապնդվելով «արեցին» իրենց գործը՝ կամա, թե ակամա:
Ընդ որում, հատկանշական է մի հանգամանք՝ որ պատերազմից կարճ ժամանակ առաջ երկրորդ նախագահը ազատվեց բանտից, իսկ Հայաստանում էլ ՍԴ խնդիրը հանգուցալուծվեց այսպես ասած՝ նոր ու նախկին համակարգերի ներկայացուցիչների «կոնսենսուսային» կազմով: Բայց, ըստ երևույթին, այլևս ուշ էր ներքին կոնսենսուսի միջոցով գալ արտաքին միջավայրում դիմադրունակության աճի: Դեր ունի՞ Ռոբերտ Քոչարյանն արդեն նոր իրավիճակում, թե դիտարկվում է նրա ակտիվ քաղաքականությունից սահուն հեռանալու հնարավորություն:
Թե՞ քննարկվում է Փաշինյանի սահուն հեռացման հեռանկար: Իսկ գուցե երկուսը միասին: Կամ՝ հնարավոր է նախ հեռանում է Պուտինը, որն օրերս ստորագրեց նախկին նախագահների անձեռնմխելիությունը գրեթե բացարձակացնող օրենքը: Նա, համենայնդեպս, գործուն քայլեր է կատարում հեռանալու սցենարին պատրաստ լինելու համար: Հայաստանում նոր իշխանության խնդիրն, ըստ երևույթին, զգալիորեն կախված է լինելու այդ սցենարներից:
1
1