• Wed. Jan 20th, 2021

ԱՄՆ-ը սկսում է գործել՝ կիրառվելու է անհրաժեշտ պահին …

ԱՄՆ նախագահն օրենքի ուժ տվեց 2,3 տրիլիոն դոլարանոց օրենսդրական փաթեթին, որն ընդգրկում է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի, ինչպես նաև ԼՂ հակամարտության մասին հոդվածներ: Օրինագծի՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական» խորագրով հատվածում նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթները՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը՝ ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում, ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը, ինչպես նաև տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում:

Նոյեմբերի 9-ի թե 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նյուս համանախագահի՝ Ռուսաստանի առջեւ դրեցին Արցախի կարգավիճակի, տեղահանվածների վերադարձի եւ Թուրքիայի դերի մասին հարցերը։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները բանաձեւ ընդունեցին Արցախի դեօկուպացիայի եւ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի առջեւ դրվեց հարցը, որ եթե Մոսկվան ու Բաքուն հրաժարվում են Մինսկի խմբի շրջանակում Արցախի կարգավիճակի հարցի որոշումից, կարող է տեղի ունենալ Արցախի անկախության «միակողմանի» ճանաչումը։

Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւ կա նաեւ ԱՄՆ Կոնգրեսում, որն իր նոր կազմով աշխատելու է հունվարի 3-ից։ Սենատի համաձայնությունը ստացած եւ նախագահի ստորագրած օրինագծով Ղարաբաղի կարգավիճակի եւ ուժի կիրառման գնահատման մասին դրույթները նշանակում են, որ այս հարցը մտնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։ Այստեղ էական է ոչ միայն կարգավիճակի հարցը, այլեւ ուժի կիրառման վերաբերյալ ձեւակերպումը, քանի որ այն հակասում է Մինսկի խմբի շրջանակում կողմերի ստանձնած պարտավորություններին։

Ի՞նչ են մեզ տալու Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի նման քայլերը՝ այս հարցը շատերն են տալիս։ Նման հարցադրումն արդեն իսկ ապաքաղաքական է, որքան էլ հատկապես քաղաքական մեկնաբանները խճճվեն «ռեալպոլիտիկի» իրենց հիմնավորումներում։ Բացի այդ, նման հարցադրումները նշանակում են քաղաքական ռիսկերի ու հնարավորությունների սահմանափակ պատկերացումներ։

Արցախի կարգավիճակի պնդումներն Արեւմուտքից բնականաբար նշանակելու են ռուս-թուրքական հակազդեցություն եւ եռակողմ հայտարարության անշրջելիությանը միտված հավանական կոշտ քայլեր։ Միեւնույն ժամանակ, Արցախի կարգավիճակի հարցը կարծես թե վերածվում է «ռուս-թուրքական համատեղ զսպման» արեւմտյան ռազմավարության ունիվերսալ լծակի՝ Արցախի ռուս-թուրքական օկուպացիայի եւ ցեղասպան գործողությունների պայմաններում։

Ընդ որում, սա կիրառվելու է անհրաժեշտ պահին …

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •