• Tue. Jan 19th, 2021

Հանրությունն ինքը պետք է սկսի փոխել քաղաքականությունը, ինչպես ․․․

Համենայն դեպս, դատելով նախորդ տարեվերջին արված հայտարարություններից, 2021 թվականը Հայաստանի համար կարող է լինել ընտրական տարի՝ խորհրդարանի արտահերթ ընտրությամբ:

Իհարկե, այդ հանգամանքը ենթակա է լինելու ներքին ու արտաքին մի շարք գործոնների, որոնք իրենց հերթին ժամանակի մեջ դինամիկ փոփոխման ենթակա են, սակայն մի բան հստակ է, որ արտահերթ ընտրության անհրաժեշտությունը օրեցօր դառնում է ավելի նկատելի և ակնառու:

Մյուս կողմից, սակայն, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, ընտրությունը ինքնին լոկ տեխնիկական գործողություն է, որը, իհարկե, շատ կարևոր է իրականացնել ազատ և օրինական ռեժիմի ապահովումով, սակայն անգամ այդ պարագայում կարող է վերածվել խնդրի, եթե չի ստացել բովանդակային նշանակություն: Հայաստանում արտահերթ ընտրության մասին խոսելիս պետք է աներկբա ամրակցել հավելումը՝ արտահերթ բովանդակային ընտրություն: Որովհետև, երբ մենք դիտարկում ենք ներկայիս քաղաքական դաշտը, ուժերի հարաբերակցությունն ու գույները, ապա իրավամբ առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ է փոխվելու այս կամ այն ուժերի տեղերով փոփոխությունից հետո: Այդ հարցը գոնե առայժմ չունի շոշափելի պատասխան, որովհետև գոնե առայժմ Հայաստանում ներքաղաքական կյանքը շարունակում է լինել բովանդակազուրկ, դրանում շարունակում է բացակայել հանրության վստահության համար կոնկրետ առաջարկներով ու գաղափարներով մրցակցությունը:

Միևնույն ժամանակ, իր հերթին այդ հարցում գործ ունի անելու հանրությունն ինքը, իհարկե, հանրային հարթությունում գործունեություն ծավալող տարբեր անհատների և խմբերի, տարբեր ինստիտուտների միջոցով: Հանրությունը պետք է գաղափարական, բովանդակային, ծրագրային քաղաքական պայքարի և մրցակցության, այսպես ասած, պասիվ պահանջի ռեժիմից անցնի պահանջի ակտիվ, նախաձեռնող ռեժիմի: Հակառակ դեպքում, քաղաքական դերակատարների ճնշող մեծամասնությունն ինքը չունի փոխվելու մոտիվացիա: Հանրությունն ինքը պետք է սկսի փոխել քաղաքականությունը, որովհետև միևնույն է այդ քաղաքականությունը կա, շարժվում է՝ հանրությամբ, թե առանց դրա: Ըստ այդմ, այստեղ ընտրությունը մեծ չէ՝ թողնել այդ վիճակի ինքնահո՞ս շարունակություն, թե՞ այդուհանդերձ մտածել կառավարելու մասին: Սա խնդիր է, որն, իհարկե, ինքն էլ չի լուծվում ինքնահոս կերպով, և պետք է գտնվեն այն լուծելու պատրաստ, ցանկություն և կարողություն ունեցող խմբեր, շրջանակներ, որոնք անմիջապես քաղաքականության մեջ չեն, որոնք չունեն քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն, բայց որոնց համար, մեղմ ասած, միևնույն չէ, թե ինչ տեսակի քաղաքականություն է զբաղվում պետության և, ըստ այդմ, նաև իրենց ճակատագրով:
Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 6
  •